Առայժմ միայն ՀՀԿ-ն է հստակ որոշել մասնակցել սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում: Դրանցից 15-ում ընտրելու է համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի: Մարզերը, որոնցում կկայանան ընտրություններ, Արագածոտն է, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը:
Մասնավորապես, քաղաքապետեր կընտրեն Իջևան և Մարալիկ քաղաքներում:
Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր հատվածը, խորը հանգստի մեջ են և առայժմ չեն հստակեցրել ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին հարցը:
ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ, ՍԴՀԿԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը Panorama.am-ին ասաց, որ ոչ իր ղեկավարած կուսակցությունում, ոչ էլ ՀԱԿ խմբակցությունում չեն քննարկել ՏԻՄ ընտրություններում մասնակցության հարցը:
Հարցին, թե հնարավոր համարում է ընտրություններին մասնակցությունը հաշվի առնելով այն, որ մինչ այժմ որևէ ՏԻՄ ընտրության ՀԱԿ-ը չի մասնակցել, որևէ թեկնածու չի առաջադրել, Սարգսյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց քննարկման համար դեռ ժամանակ կլինի»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերլուծում են իրավիճակը և քննարկումներն այս պահին, ինչպես ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Panorama.am-ին ասաց, ընթանում են տարածքային կառույցներում և հարցը կուսակցության կենտրոնական ապարատ դեռ չի հասել:
«Նման հարցերը առաջնահերթության կարգով քննարկվում են տարածքային կազմակերպություններում, որից հետո հարցը կուսակցության գրասենյակում է քննարկվում և հետո համապատասխան որոշում է կայացվում: Այս պահի դրությամբ քննարկումն ընթանում է տարածքային կազմակերպություններում», -փոխանցեց ԲՀԿ-ականը:
Նա չբացառեց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում և մասնավորապես, Մարալիկի ու Իջևանի քաղաքապետի ընտրություններում:
«Մեզ համար ինքնանպատակ չէ հարցը. սկսած թեկնածուի անձից, ստեղծված իրավիճակից, խորը ուսումնասիրությունից հետո միայն որոշում կկայացվի», -հավելեց Էնֆիաջյանը:
ԲՀԿ-ն հատկապես Իջևանի քաղաքապետի թեկնածուի հարցում սայթաքում ունեցել է և առաջիկա ընտրություններում, հավանաբար, այդ ուղղությամբ մտածելու շատ բան ունի: Հիշեցնենք`այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ կուսակցությունից և նրանից հետո շատերը լքեցին կուսակցության շարքերը, այդպես վարվեց նաև Իջևանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը: Մինչդեռ 2011-ին Իջևանի քաղաքապետի ընտրություններում Ղալումյանը ԲՀԿ-ի աջակցությամբ 2000-ից ավելի ձայնով հաղթել էր Հանրապետականի թեկնածու Վարուժան Ներսիսյանին:
Հարցին, թե սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններում արդյոք ինքն առաջադրվելո՞ւ է Վարդան Ղալումյանը մեզ հետ հեռախոսազրույցում արձագանքեց շատ կոպիտ. նախ չհավատաց, որ իրեն հարց տվողը լրագրող է, հետո պահանջեց գնալ Իջևան, ցույց տալ լրագրող լինելը հաստատող փաստաթուղթ և ասաց, որ դրանից հետո միայն կպատասխանի հարցերին:
«Բա ես ի՞նչ իմանամ, թե դու ում մարդն ես, որ ըտենց հարցեր ես տալիս», -ասաց քաղաքապետը:
Սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը հստակ է Հանրապետական կուսակցությունում, բայց առայժմ հստակ չէ, թե ովքեր են լինելու թեկնածուները հատկապես երկու քաղաքներում:
Հանրապետական կուսակցության կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «անպատճառ թեկնածուներ առաջադրելու են»:
«Առայժմ անուններ չենք հրապարակում, բայց սահմանված ժամանակացույցի համաձայն, նրանց անունները կհրապարակվեն, գործերը կկազմվեն և տարածքային կազմակերպությունները իրենց թեկնածուներին կառաջադրեն»,-ասաց Թադևոսյանը:
ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց կուսակցությունում «շատ լուրջ» են վերաբերում ՏԻՄ ընտրություններին, ՏԻՄ ինստիտուտին ընդհանրապես, այդ պատճառով էլ «ակտիվորեն մասնակցում ենք ընտրություններին»:
Մեր հարցին, թե ընդդիմադիր դաշտի պասիվությունը ՏԻՄ ընտրություններում չի՞ մտահոգում իշխող կուսակցությանը, Թադևոսյանը պատասխանեց. «Իհարկե, մտահոգում է, որովհետև քաղաքական դաշտում ընտրությունները պայքարի թատերաբեմ են, և քաղաքական ուժերը, որոնք շատ-շատ հայտարարություններ են անում, թող գան, փորձեն, որևէ քաղաքում, գյուղում իրենց ծրագրերը ներկայացնեն, ստանան համապատասխան աջակցություն քվեների տեսքով և իրագործեն ծրագրերը: Իրոք, մտահոգում է, որ չեն մասնակցում»:
Նշենք, որ Սահմանադրության նախագծում հեղինակները փորձել են բարձրացնել Տեղական ինքնակառավարման մարմինների դերը` նրանց, ըստ էության, վստահելով Հայաստանի նախագահի ընտրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան