Էնդոկրինոլոգը՝ մայրիկներին. Մի դարձրեք ձեր երեխաներին քաղցրակեր
«Հայաստանում ավելանում է շաքարային դիաբետ ունեցող երեխաների քանակը: Նույն տենդենցը նկատվում է նաև ամբողջ աշխարհում: Նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում, հիմա նախադպրոցական տարիքի երեխաների մոտ շատ ենք գրանցում շաքարային դիաբետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը:
Նա խորհուրդ տվեց մայրիկներին իրենց երեխաներին չդարձնել քաղցրակեր. «Հինգ-վեց ամսական երեխայի համար շիլա են պատրաստում, քաղցրացնում, մինչդեռ երեխան քաղցրի պակաս չի զգում, քանի որ այլ սնունդի միջոցով այդ գլյուկոզան ներծծվում է նրա օրգանիմզ: Այսօր վիճակագրության համաձայն մեկ օրվա ընթացքում միջինը երեխան 100-110 գրամ շաքար է ուտում՝ հյութերի, կոնֆետների, պաղպաղակների միջոցով: Բացի այդ, երեխաները պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն: Ցանկացած երեխա, մարդ երաշխավորված չէ, որ չի հիվանդանա այս հիվանդությամբ»:
Էնդոկրինոլոգի խոսքով, շաքարային դիաբետով երեխաները ֆիզիկական, մտավոր զարգացման խնդիր չեն ունենում, եթե, իհարկե, ամեն ինչ կատարվի ճիշտ:
Մասնագետները կարևորում են կառավարության ծրագրերը. ինսուլինային գրիչ-ներարկիչներով ապահովում, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը` թույլ տալով ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության ցանկացած վայրում՝ դպրոցում, իսկ երիտասարդները՝ ուսումնական հաստատություններում: Կարևոր է նաև, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն ինսուլինի կորուստները:
Կառավարությունը հաստատել է նաև «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100մմ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100մմ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից: Մասնագետները նշում են, որ ինսուլին լիզպրոն կարելի է ներարկել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ ուտելուց անմիջապես հետո՝ ընդունած սննդին համապատասխան:
Նշենք, որ Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետ ունեցող շուրջ 80 հազար հիվանդ, նրանցից 450-ը երեխաներ են, որից 177-ը` 18-22 տարեկան: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010թ. համեմատությամբ 2014թ. արձանագրվել է հիվանդության 37% աճ: Ներկայումս հանրապետությունում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների 31%-ը սոցիալապես անապահով ընտանիքից են, 5%-ը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, իսկ 3%-ը կազմում են նրանք, ում ընտանիքում շաքարային դիաբետ ունեցող երեխաները մեկից ավելի են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում