Հայ փրկարարները նաև «այլմոլորակայիններ» են բռնում
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն այս տարվա ընթացքում արդեն 391 ահազանգ է ստացել քաղաքացիներից՝ օձեր նկատելու վերաբերյալ: Բոլոր ահազանգերին արձագանքել են, 191 դեպքում հայտնաբերել են օձ, որից 48-ի դեպքում՝ թունավոր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նա նշեց, հիմնական ահազանգերը ստանում են Երևանի ծայրամասային հատվածներից, թունավոր օձերը գերակշռում են լեռնային և նախալեռնային տարածքներում: Կոտայքի մարզից են ստացվում շատ ահազանգեր:
Ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում օձերի ակտիվությունը կշարունակվի: Նա խորհուրդ տվեց մարդկանց ուշադիր լինել, օձ նկատելու դեպքում անմիջապես ահազանգել 911 ծառայություն. «Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը պետք չէ փորձել որևէ առարկայով բռել օձին, քանի որ այդ դեպքում նա ավելի ագրեսիվ է դառնում, ավելի մեծ չափաբաժին թույն է ներարկում: Պետք է ուղղակի աղմուկ չհանել, չխոչընդոտել նրա ազատ տեղաշարժին»:
Պատասխանելով հարցին, թե սովորաբար 911 ծառայությունն էլ ի՞նչ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, Հ. Խանգելդյանն ասաց, որ շատ են լինում կանանց կողմից զանգեր՝ «լվացքի պարանին շորը խճճվել է, չեմ կարողանում վերցնել», կամ «միջատներից վախեցող կանայք ահազանգում են՝ այլմոլորակային է ներս մտել»:
Բոլոր ահազանգերը, նրա հավաստմամբ, անպատասխան չեն մնում: Փրկարարները շատ են օգնում նաև ծառերի արանքներում, նեղ հատվածներում մնացած կատուներին, շներին, վերջերս Կենդանաբանական այգի են տեղափոխել արագիլներ, որոնք այրվածքներ, կոտրվածքներ են ունեցել:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Պարզվում է` կարելի է խնայել բերանները
Օձի թունավորված հատվածում պետք է բերանով արտածծել վերքից. Մասնագետ