Իրաքյան Քրդստանը շահագրգռված է առավել ակտիվ համագործակցել Հայաստանի հետ առողջապահության ոլորտում
Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարարը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն, և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:
Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծել է, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Նա նկատել է, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:
Ըստ աղբյուրի, Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրել է մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվել են նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Մենք մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ենք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:
2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան