Սեյրան Օհանյան. Տարեցտարի կավելանա մեր երկրում բարձրագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը
Ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտների հետ այսօրվա հանդիպմանն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմական բարձրագույն կրթության ստացած սպաների դերը ազգային բանակի մարտական պատրաստականության ամրապնդման գործում, հորդորել է այսուհետ ևս չզլանալ և ծառայությունից ազատ ժամանակահատվածը տրամադրել ուսմանը:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անկաշկանդ զրույց է ունեցել սպաների հետ, շնորհավորել է ծառայողական նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով ՀՀ, ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին դասընթացների ավարտի և նոր նշանակումների, առանձին դեպքերում էլ՝ հերթական զինվորական կոչումների շնորհման կապակցությամբ, մաղթել է նրանց խաղաղ և արգասաբեր ծառայություն:
Ընդգծելով, որ ակադեմիական դասընթացների շրջանավարտների մի մասը ռազմական կրթությունը ստացել է Հայաստանում և նշելով, որ տարեցտարի կավելանա մեր երկրում բարձագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ ծառայության նոր վայրերում գործնականում կիրառելով ակադեմիական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ սպաներն առավել կբարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության աստիճանը:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարն ակադեմիական դասընթացների շրջանավարտներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը ծառայության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները շտկելու և դրանք հետագայում բացառելու համար: