Շարժական արագաչափ սարքերը չեն շահագործվի
Հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:
Նրա խոսքով, իրենք այդ քայլին դիմել են վարչապետի խնդրանքով:
«Այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք` ինչ անել»,-փոխանցեց պարոն Զաքարյանը:
Նա հստակեցրեց, որ շարժական լուսանկարահանող սարքերի կիրառությունը բխում էր կառավարության հետ կնքած պայմանագրից և նպատակ ուներ վերահսկողության տակ պահել վարորդների արագությունը ողջ ընթացքում:
«Շարժական տեսախցիկը պայմանագրով նախատեսված էր տեղադրել, որ վարորդները դանդաղ վարեն մեքենան ոչ միայն արագաչափից առաջ ընկած 100 մետր տարածքը, այլ ամբողջ տարածքը, որպեսզի անվտանգ լինի»,-փոխանցեց Զաքարյանը` նկատելով, որ միևնույն ժամանակ վարորդները չպետք է իմանային, որ տարածքում շարժական արագաչափ սարք կա տեղադրված:
Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ շարժական լուսանկարահանող սարագաչափը կիրառվել է միայն մեկ օր, փորձնական, Վարդավառի տոնին, իսկ դրանով ֆիքսված երթևեկության կանոնների խախտումները չեղյալ են համարվել և վարորդներին չեն հասել խախտումների մասին ակտերը:
«Շարժական սարքը եթե դրվեր, մարդիկ չէին իմանա` որտեղ է տեղադրված ու ամեն տեղ դանդաղ կվարեին»,-նկատեց Զաքարյանը:
Բայց շարժական արագաչափի կիրառությունը դադարեցնելը վարչապետի միակ խնդրանքը չի եղել:
«Վարչապետը նաև խնդրեց, որ մեղմացնենք հոծ գծերը տրորելու համար վարորդներին ուղարկվող տուգանքները: Բայց այսպես թե այնպես մենք հիմնականում ֆիքսում էինք կոպիտ խախտումները: Վարչապետը խնդրեց ավելի մեղմ լինենք, մենք էլ կփորձենք մեղմ լինել»,-փոխանցեց «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը:
Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում մեղմ լինել, ի՞նչն է մեղմացվելու, Զաքարյանը պատասխանեց. «Մենք առանց այն էլ մեղմ ենք, բայց մեր օպերատորներին, աշխատակիցներին պետք է ասենք` այնպես արեք, որ ժողովուրդը անտեղի չբողոքի, վեճեր քիչ լինեն, եթե վեճեր լինում են, որոշում կայացրեք հօգուտ վարորդի»:
Հարակից հրապարակումներ`
Շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր՝ Վարդավառին
Հեռու ժողովրդի գրպանից. Մարուքյանին վրդովեցրել է Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները