ՀԾԿՀ-ն հրավեր է ուղարկել աշխարհի լավագույն հինգ խորհրդատվական ընկերության
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկել աշխարհի լավագույն հինգ խորհրդատվական ընկերությունների: Այս մասին Հանրային խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանն ասաց ՀԾԿՀ-ի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղուսալմյանը: Նա հայտնեց, որ հրավերն ուղարկել են հուլիսի 27-ին: Պատասխանի համար նախատեսված է տասնօրյա ժամկետ:
Ըստ նրա, էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներ են ստանալ հիմնավորված պատասխաններ հետևյալ երկու կարևորագույն հարցերին՝ ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
ՀԾԿՀ-ի ներկայացուցիչն ասաց, որ խորհրդատվական ընկերություններն իրենք են որոշում՝ ինչպես են իրականացնելու աշխատանքը:
Քննարկմանը ներկա Հանրային խորհրդի անդամ Աշոտ Աշոտյանը կանխատեսեց, թե աուդիտից հետո ինչ պատասխան է հնչելու. «Ամեն ինչ նորմալ է, թղթերը նորմալ են, էլեկտրաէներգիայի թանկացումն օրինական է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 6,93 դրամով:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում նախատեսված աուդիտին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն ասաց, որ ՀԷՑ-ում նախատեսված աուդիտը ենթադրում է ոչ միայն ֆինանսական մասի ստուգում, նաև մենեջմենտի, կորուստների գծով ստուգումներ, ներդրումների անհրաժեշտության, հիմնավորվածության, կադրային քաղաքականության հետ կապված ստուգումներ: Աշխատանքները կատարվելու են միջպետական հանձնաժողովի շրջանակներում:
Քննարկմանը ներկա ՀԽ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի անդամ Գեղամ Գալստյանն ասաց. «Եթե հաշվապահական աուդիտ է, մեզ պետք չէ, մեզ պետք է զարգացման, արդյունավետության աուդիտ, որպեսզի մենք կարողանանք ամբողջ գործունեության ճշտությունը հանենք ջրի երես»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները