«ՇոփԻնԱմերիկա». «ՀայՓոստ»-ի նոր ծառայության մասին
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել են «ՀայՓոստ»-ի նոր ծառայության՝ «ՇոփԻնԱմերիկա» հարթակի մեկնարկի մասին:
ՀՀ Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության և նշված փոփոխությունների արդյունքում «ՀայՓոստ»-ը հնարավորություն է ունեցել պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող գնումների ընթացակարգը: Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: «ՀայՓոստ»-ի անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:
Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքների ներմուծման գործընթացի թափանցիկությանը և պետական եկամուտների ավելացմանը: ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շնորհիվ «ՀայՓոստ»-ը կարողացել է մշակել և գործարկել նոր ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար:
Shopinamerica.am հարթակի միջոցով Հայաստանի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից:
«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք: Այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար: