Սիրիահայ երեխաների հանգիստը կֆինանսավորի ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը
ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել սիրիահայ երեխաների երկշաբաթյա ամառային հանգիստը կազմակերպելու համար: Այս մասին հայտարարվել է այսօր՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ այդ աջակցության շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարն այս տարի պատրաստ է տեղացի երեխաների հետ օգոստոսի 15-ից՝ երկու փուլով` հյուրընկալել սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաների: «Տիրամայր Հայաստանի» կենտրոնն, ի դեմս ճամբարի պատասխանատու Քույր Արուսյակ Սաջոյանի, պատրաստակամություն է հայտնել օգոստոսի 20-ից մեկ շաբաթով Ծաղկաձորի ամառային ճամբարում ընդունելու նաև սիրիահայ անապահով ընտանիքների 100 երեխաների»:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում 1-5-րդ փուլերում «Արի տուն» ճամբարում արդեն եղել են 78 սիրիահայ պատանիներ և աղջիկներ, իսկ վերջին փուլերին սպասվում է ևս 40 սիրիահայ երեխաների մասնակցություն: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ սիրիահայ անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը «Գուգարք» և «Տիրամայր Հայաստանի»-ի ճամբարներում կազմակերպելու վերաբերյալ:
Իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցել է Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Նարինե Գալստյանը: Նա մասնավորապես նշել է. «Սիրիական տագնապի առաջին իսկօրերից ՀՕՄ-ը աջակցություն է ցուցաբերել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի և այլ շրջանների 27 հայկական վարժարաններին: Օգնություն է ցուցաբերվել սիրիահայերին «Տաք ճաշ», «Տաք տուն», «Տաքուկ բնակարան» և այլ ծրագրերով : Գործում են ձեռագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար»: