Թայվանցի ուսանողները ներխուժել են կրթության նախարարության տարածք
Հարյուրավոր թայվանցի ուսանողներ, ովքեր բողոքում են կառավարության «պրո-պեկինյան» քաղաքականության դեմ և կարծում են, որ նոր դասագրքերում պատմությունը ներկայացված է խեղաթյուրված, գրոհել են կրթության նախարարությունը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Channel News Asia-ին:
Ուսանողական բողոքի ակցիաները նոր թափով են սկսվել ակտիվիստներից մեկի ինքնասպանությունից հետո, ում ավելի վաղ ձերբակալել էին նմանատիպ ակցիաներից մեկում ելույթի ժամանակ:
Նախարարության շենքի հարևանությամբ հավաքված մոտ 700 ուսանողներ բարիկադներ են կառուցել, այսօր առավոտյան շուրջ 200 բողոքողներ ներխուժել են շենք՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել էր, որ հրաման է ստացել չցրել ուսանողներին:
Թայվանի կառավարության «Պրո-պեկինյան» քաղաքականության դեմ ուղղված ցույցերը կազմակերպվում են այսպես կոչված «Արևածաղկի շարժման» կողմից, շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ինչպես նշվում է՝ հիմնական մասնակիցները երիտասարդներն են, ովքեր իրենց համարում են թայվանցիներ, այլ ոչ թե չինացի:
Ուսանողները պնդում են, որ բուհերի նոր դասագրքերում պատմությունը ներկայացված է խեղաթյուրված, վերափոխվել է ի օգուտ Չինաստանի: Նրանց կարծիքով, դա արվում է այն բանի համար, որպեսզի երիտասարդների «ուղեղները լվանան» և ստիպեն նրանց ընդունել «Մեկ Չինաստան» քաղաքականությունը:
Պեկինը համարում է Թայվանը ապստամբ նահանգ և չի բացառում ուժի կիրառում, որպեսզի վերադարձնի կղզին իր հսկողության տակ:
Ներկայիս նախագահ Մա Ինցզյուն ընկալվում է որպես Չինաստանի համախոհ: Նա տնտեսական և առևտրական մի շարք պայմանագրեր է կնքել Պեկինի հետ: Թայվանցիները նոր նախագահ են ընտրելու 2016-ի նոյեմբերին: