Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն, ստեղծված նախագիծը, որը հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունք է, «շատ լավ հիմք է» երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:
«Այնուամենյանիվ, նախագծի վերաբերյալ մեր գնահատականը որոշ առաջարկներ է ներկայացնում փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ», -նշվում է ՎՀ եզրակացության մեջ:
Այդպիսով, ՎՀ փորձագետները մասնավորապես, առաջարկում են հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները:
ՎՀ փորձագետները հորդորում են, որ ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացվի Սահմանադրության մեջ: «Առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին դրույթը պետք է հանվի: Երկրորդ փուլի հնարավորությունը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքում», -նշված է ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մեջ:
Նշենք, որ նախագծում դա 89-րդ հոդվածի 4-րդ կետն է. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:
Բացի այդ, նրանք առաջարկում են Սահմանադրության նախագծից հանել նաև Ազգային ժողովում ողջ գումարման ընթացքում նոր խմբակցության ձևավորման արգելքը, քանի որ դա կարող է սահմանափակել ԱԺ պատգամավորի մանդատի ազատությունը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նախագծի դատական համակարգին առնչվող հատվածին, ապա «չպետք է քաղաքական որևէ միջամտություն կատարվի դատավորների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների հեռացման ու նշանակման գործընթացին»:
«Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար: Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը այս կարևոր բարեփոխումների հարցում», -նշված է ՎՀ եզրակացության մեջ:
Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, ստեղծվել է 1990 թվականին, կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան