Վենետիկի հանձնաժողովը գովաբանել է սահմանադրության նախագիծը և որոշ փոփոխություններ առաջարկել
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Վենետիկի հանձնաժողովն այսօր հրապարակել էր Հայաստանի Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը: 29 էջից բաղկացած փաստաթղթում Եվրոպական Խորհրդի մասնագիտական հանձնաժողովը մեկնաբանություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ: Փաստաթուղթը հեղինակել են Սերջիո Բարտոլեն(Իտալիա), Այվարս Էնդձինսը(Լատվիա), Քրիստոֆ Գրաբերնվարտերը(Ավստրիա), Տալիա Խաբրիևան (Ռուսաստան), Եվգենի Տանչևը(Բուլղարիա) և Կաարլո Տուորին(Ֆինլանդիա):
Փաստաթղթում տեղեկացվում է, որ 2013 թվականին Հայաստանի իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքում աջակցության խնդրով, ինչի արդյունքում որոշվել է, որ Հանձնաժողովը աջակցություն կցուցաբերի աշխատանքների ողջ ընթացքում՝ սկսած հայեցակարգի մշակումից մինչև նախագծի կազմում:
Այնուհետ ներկայացվում են մանրամասներ երկկողմ հանդիպումների և դրանց բովանդակության վերաբերյալ, որոնցից վերջին երկուսը տեղի են ունեցել այս տարվա մայիսին Փարիզում և հուլիսին Վիեննայում: Փաստաթղթի հեղինակների ներկայացմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմին փոխանցվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք արդեն իսկ տեղ են գտել հրապարակված տարբերակում, ուստի` դրանք կրկնելու անհրաժեշտություն Հանձնաժողովի ներկայացուցիչները չեն գտել:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը հայկական կողմի հետ համագործակցել է սահմանադրական փոփոխությունների նախորդ երկու ցիկլերում՝ 2001-2003թթ և 2004-2005թթ: Անդրադառնալով 2005 թվականին կայացած փոփոխություններին՝ փաստաթղթի հեղինակները նշել են. «Վենետիկի հանձնաժողովի շատ առաջարկներ, որոնք ձևակերպվել էին, բայց այդ ժամանակ չէին ընդունվել, դիտարկվող տեքստում արդեն արտացոլված են: Հանձնաժողովի կարծիքով՝ սա ակնհայտ կերպով ցուցանում է, որ անցնող տարիների ընթացքում հայկական քաղաքական ու իրավական մշակույթը շարունակել է զարգանալ, և ներկայումս հասել է հասունության էական մակարդակի, որը միանշանակ պետք է ողջունել»:
Նախագծի «Սահմանադրական կարգի հիմունքները» (Գլուխ 1) և «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն» (Գլուխ 2) բաժինների վերլուծության արդյունքում Հանձնաժողովի փորձագետները փաստել են, որ էականորեն հարստացվել է սահմանադրականացված հիմնարար իրավունքների ցանկը. բազմաթիվ իրավունքներ ստացել են սահմանադրական նորմի կարգավիճակ, և բացի այդ մի շարք իրավունքների սահմանափակումը ևս սամանադրականացվել է: Հեղինակները նշում են, որ նշված գլուխների շարադրանքը մեծ հաշվով համապատասխանում է համաեվրոպական իրավական փաստաթղթերին, ինչպես նաև եվրոպական երկրների ժամանակակից սահմանադրություններին:
Փորձագետների կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային/եվրոպական չափորոշիչների նկատմամբ նախագիծը հատուկ վերաբերմունք ունի: Վկայակոչելով նախագծում ամրագրված նորմերն առ այն, որ իրավունքների իրացման համար միջազգային ատյանների դիմելու հնարավորություն է ստեղծվում (հոդված 59), և հակասությունների դեպքում սահմանադրական նորմերը մեկնաբանելիս պետք է առաջնորդվել միջազգային պրակտիկայով (հոդված 81)՝ փորձագետները նշել են, որ «սա միայն պետք է ողջունել»:
Այնուհետև փորձագետները մանրամասն անդրադարձել են առանձին հոդվածներով ամրագրված սկզբունքներին և իրավունքներին՝ ներկայացնելով իրենց տեսակետները:
Առաջիկայում Panorama.am-ը, նաև փորձագետների ներգրավմամբ, կանդրադառնա և նախագծում ամրագրված հոդվածներին, և դրանց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին: Նշենք միայն, որ այսօր հրապարակված կարծիքում Հանձնաժողովի ներկայացուցիչները մեծամասամբ գոհունակություն են արտահայտել ներկայացված ձևակերպումների վերաբերյալ՝ առանձնացնելով միայն որոշ տեխնիկական թերություններ:
Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին, ապա նշված բաժիններում կարելի է առանձնացնել մի քանիսը:
Այսպես, «Ընտրական իրավունքի սկզբունքների» մեջ (հոդված 7), ողջունելով հինգ հիմնարար սկզբունքները (ընդհանուր, հավասար, ազատ, ուղղակի, գաղտնի) սահմանադրորեն ամրագրելու փաստը՝ փորձագետներն առաջարկել են հովածում ներառել ևս մեկ սկզբունք, որով կկարգավորվի տարբեր սեռերի մասնակցության նվազագույն շեմի հարցը:
Մեկ այլ առաջարկություն էլ կապված է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու» հետ (հոդված 17): Նշելով, որ իրենք գիտակցում են Առաքելական եկեղեցու կարևոր դերն ու նշանակությունը, ինչպես ամրագրված է, սակայն կարծում են, որ «բացառիկ առաքելություն» բառակապակցությունը կարող է տարակարծությունների առիթ դառնալ: Ըստ նախագծի՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Հանձնաժողովում կարծում են, որ «բացառիկ» բառի օգտագործմամբ, օրինակ, պետությունն իրեն զրկում է ազգային մշակույթի զարգացման կամ ինքնության պահպանման գործում անելիք ունենալու հնարավորությունից: Ուստի` Հանձնաժողովում դեմ չլինելով Առաքելական եկեղեցու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքին և չբացառելով թարգմանության հետևանքով առաջացող խնդիրները` առաջարկում են նորմը ավելի հստակ սահմանել:
Ուշադրության է արժանի նաև «Ընտրական իրավունքի և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի» (հոդված 47) հետ կապված մեկնաբանությունը: Փորձագետները խնդրահարույց են համարել հոդվածի երկրորդ մասով նախատեսված սահմանափակումները, որոնց համաձայն՝ ԱԺ պատգամավոր կարող են ընտրվել այն անձինք, ովքեր միայն ՀՀ քաղաքացի են և վերջին 5 տարում մշտապես բնակվել են երկրի տարածքում: Նշվում է, որ այս սահմանափակումները ներկայումս էլ Հայաստանում գործում են և արդեն իսկ քննադատության են ենթարկվել և Վենետիկի հանձնաժողովի, և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ փաստաթղթի, երկքաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածին, իսկ նստակյացության ցենզը հակասում է միջազգային չափորոշիչներին:
Այս հոդվածի 4-րդ կետում ևս փորձագետները խնդիրներ են տեսնում: Խոսքն ընտրելու իրավունքից զրկելու հիմքերի մասին է: Նախագծում սահմանված է, որ ընտրել չեն կարող «...ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք», մինչդեռ փորձագետներն առաջարկում են համաչափության սկզբունքով հենց սահմանադրորեն ամրագրել հիմքերը՝ նշելով հանցագործության բնույթն ու ծանրությունը, և պատժաչափը:
«Ազգային ժողովը» (գլուխ 4), «Հանրապետության նախագահը» (գլուխ 5), «Կառավարությունը» (գլուխ 6) բաժինների վերլուծությունն, ըստ փորձագետների, «արտացոլում են անցումը ռացիոնալացված խորհրդարանական կառավարման ձևի»:
Փաստաթղում նշվում է, որ եվրոպական սահմանադրական իրավունքից ոգեշնչված, նախագծում ներմուծված են պառլամենտարիզմի ինստիտուտներ և մեխանիզմներ, որոնք մանրամասնորեն մշակված ու շարադրված են և խնդիր ունեն զերծ մնալ իշխանության տարբեր ճյուղերի միջև կոնֆլիկտներից:
Նշվում է, որ փոխվել է նախագահի ընտրության և գործադիր իշխանության ձևավորման կարգը, և խորհրդարանական կառավարման հանգույն, այդ գործառույթը վերապահվել է Ազգային ժողովին: Թվարկելով փոփոխություններով նախատեսված մի շարք նորամուծություններ` այդ թվում ազգային փոքրամասնությունների համար սահմանված արտոնությունը, միաժամանակ փորձագետները նշում են, որ նախագծում բազմաթիվ լիազորություններ և ինստիտուտներ մանրամասնված են, մինչդեռ պրակտիկան ենթադրում է, որ մի շարք կանոնակարգումներ պետք է անել ոչ թե սահմանադրությամբ, այլ օրենքներով:
Այդպիսի հարցերից, օրինակ, նշվում են ԱԺ նստաշրջանների անցկացման կարգին, ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցերը: Փորձագետներն առաջարկում են նման խնդիրների կանոնակարգումը թողնել օրենքին, իսկ սահմանադրության տեքստը թեթևացնել:
Փաստաթղթի այս հատվածում ևս բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնց հոդված առ հոդված կանդրադառնանք առաջիկայում: Այժմ միայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ անհրաժեշտ է սահամնադրության նախագծից դուրս բերել ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի ինստիտուտը:
«Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի» (հոդված 89) վերաբերյալ Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ ընդօրինակված է իտալական փորձը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կայուն մեծամասնություն չլինելու դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ձևավորում է մեծամասնություն:
Փորձագետները նշում են, որ Իտալիայում այդպիսի ընտրական համակարգի եկել են տարիներ շարունակ տեղ գտած անկայունության արդյունքում, և դրա նպատակն է եղել հավասարակշռել ներկայացուցչականությունն ու կառավարելիությունը:
«Այդ համակարգը բազմամյա փորձի արդյունք է»,- գրում են փորձագետներն ու նշում, որ ամենևին էլ փաստ չէ, որ այն արդյունավետ կլինի նաև մեկ այլ երկրում: Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարելու կառավարման նոր՝ խորհրդարանական ձևի, և ձեռնպահ մնալ ընտրությունների երկրորդ փուլի հարցը սահմանադրությամբ կարգավորելուց: Նրանք, սկզբունքորեն դեմ չլինելով այդ ինստիտուտին, առաջարկում են այդ դրույթը հանել սահմանադրության տեքստից և կանոնակարգել Ընտրական օրենսգրքով:
Այդպիսով, ըստ փորձագետների, անհրաժեշտության դեպքում ինստիտուտի վերանայելը կդյուրանա:
«Ազգային ժողովի խմբակցությունների» (հոդված 105) դեպքում Հանձնաժողովը խնդրահարույց է համարել դրույթը, որի համաձայն «Ազգային ժողովում նոր խմբակցություններ չեն կարող ձևավորվել»:
Փորձագետները, կիսելով համակարգի կայունության հարցում անհանգստությունը, միաժամանակ այս դրույթը համարում են «չափազանց կոշտ»: Նրանց կարծիքով, սա խանգարում է պատգամավորի իմպերատիվ մանդատին և պետք է հանվի սահմանադրության տեքստից:
«Վարչապետին անվստահություն հայտնելու» (հոդված 115) մասին խոսելիս ևս Հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադառնում են նշված խնդրին, և փաստում, որ թեև անվստահություն հայտնելու ինստիտուտը փոխառնված է Գերմանիայի փորձից և լիովին բխում է պառլամենտարիզմի սկզբունքներից, սակայն 105-րդ հոդվածով նախատեսված նոր խմբակցություններ ստեղծելու սահմանափակումը կխոչընդոտի այս ինստիտուտի գործարկմանը:
Հանձնաժողովը բազմաթիվ այլ մեկնաբանություններ ունի խորհրդարանի, նախագահի և կառավարության գործունեության կանոնակարգումների հետ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
«Դատարանները և բարձրագույն խորհուրդը» (գլուխ 7) բաժինը վերլուծելուց հետո Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանգել են եզրակացության, որ Սահմանադրական դատարանը չպետք է ընդգրկել դատարանների շարքում, ինչպես արված է 162-րդ հոդվածում, իսկ նույն հոդվածում ամրագրված դրույթը, որ «կարող են գործել նաև մասնագիտացված այլ դատարաններ», անհրաժեշտ է մանրամասնել:
Այս բաժնում ևս առանձին հոդվածների վերաբերյալ ներկայացված են գնահատականներ և մեկնաբանություններ, որոնցից ուշադրության են արժանի «Սահամնադրական դատարանի կազմի և կազմավորման կարգի» (հոդված 166) վերաբերյալ դիտարկումները: Ըստ փորձագետների՝ առաջարկվող մեխանիզմներն ապահովում են Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմությունը, սակայն պետք է երաշխիքներ լինեն, որ խորհրդարանի «կառավարական մեծամասնությունը չկարողանա դատավորներին միայնակ ընտրել»:
Այս խնդիրը լուծելու համար Հանձնաժողովն առաջարկում է Սահմանադրական դատարանի անդամներին ընտրել ոչ թե ԱԺ ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այլ՝ ձայների ընդհանուր քանակի 2/3-րդով: Այդկերպ, ըստ փորձագետների, անհրաժեշտ կլինի, որպեսզի թեկնածուն ստանա նաև ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը, ինչն էլ կնպաստի, որ պաշտոնին հավակնեն պրոֆեսիոնալ և քաղաքականապես անկախ անձինք:
Փաստաթղթի եզրափակիչ հատվածը վերաբերում է նախագծի 10-րդ գլխին («Մարդու իրավունքների պաշտպանը»): Այստեղ փորձագետները նշում են, որ առաջին անգամ օմբուդսմենի ինստիտուտը և նրա գործունեության սկզբունքներն ամրագրվում են սահմանադրորեն, «ինչը պետք է միայն ողջունել»:
Ողջունելով ամրագրված նորմերը՝ միաժամանակ փորձագետները նշում են, որ ձևակերպումներից պարզ չէ՝ արդյոք Պաշտպանը գործում է երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի հետ կապված, թե կարող է միջամտել առանձին դեպքերի կարգավորման հարցում: Նրանք առաջարկում են, որպեսզի ավելի հստակ ձևակերպումներ տրվեն, որոնք կնախատեսեն օմբուդսմենի գործունեության այդ ուղղությունը ևս: Առաջարկվում է սահմանադրորեն ամրապնդել նաև օմբուդսմենի անձեռնմխելիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան