Ուրցաձորում անօդաչու տեսախցիկով կհսկեն Կարմիր գրքում գրանցված կենդանիներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցել են կենսաբազմազանության մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող և հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շարունակական զարգացման արդյունքում 2015թ.-ին ընդլայնվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքը` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի:
Անտառապահների աշխատանքի համար առկա տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով և բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման արդյունքում, ի թիվս նախկինում հաշվառված կենդանիների, տարածքում հայտնաբերվել են մի շարք այլ վտանգված տեսակներ. հայկական իժ, անտառային կատու, սապսան և այլն (բոլորը՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ):
Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը, որոշելու վերջինների շարժի հետագիծը, նախընտրելի տեղանքը: GIS քարտեզները կենսաբազմազանության մանրամասն վերլուծության խիստ կարևոր գործիք են և աշխարհում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:
Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի բնակիչներ: