Հալեպի մանկատան փոքրիկները շուտով կմեկնեն Քեսապ` ամառային ճամբարի
Հալեպում իրավիճակը նույնն է. շարունակ հրթիռակոծությունների ձայներ են լսվում, էլեկտրաէներգիան տրվում է 2-3 ժամով, ջրամատակարարումը տարբեր շրջաններում նույնպես ժամային սահմանափակումներով է կատարվում: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
«Սակայն այս ամենը դժվարություններ են, որոնց լուծումները և ելքերը մարդիկ փնտրում, գտնում են», -փոխանցեց Ռեիսյանը:
Հուլիսի 30-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախարարության լրատվական ծառայության, ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը մտահոգիչ էր համարել Հալեպի ծերանոցի, որտեղ բնակվում են 46 հոգի և մանկատանը ապաստանած 30 երեխաների ճակատագիրը:
Այս առնչությամբ Ռեիսյանն ասաց, որ ծերանոցը, որպես այդպիսին, ծերանոց չէ. ազգային իշխանությունների կարգադրությամբ, Գյուլբենգյան մայրանոց-հիվանդանոց են տեղափոխվել ու ապրում ծերերը:
«Բայց դա չի նշանակում, որ պայմանները վատ են. ինչ կարիք ունեն ամեն կերպ լուծում է տրվում դրանց: Բայց ոչ մեկս չենք կարող Հալեպում հրթիռակոծություններից ապահովագրված լինել. ինչ կարող է Հալեպի մի որևէ բնակչին անակնկալ կերպով որևէ վատ բան պատահել, նույնը կարող է լինել նաև ծերանոցի բնակիչի հետ: Այսօր Հալեպի մեջ որևէ մեկը չի կարող ասել, որ այս շրջանը ապահով է, իսկ մյուս շրջանը` ոչ: Հրթիռակոծման կամ գնդակոծման կարող է ենթարկվել յուրաքանչյուրը», -նկատեց Ռեիսյանը:
Ինչ վերաբերում է երեխաների ապաստարանին, այն գտնվում է հայաշատ Նոր Գեղի թաղամասում և ռմբահարումներից վնասված հատվածները, Ռեիսյանի ասելով, «որոշ չափով» վերանորոգվել են: «Բայց մինչ այդ մանկատան պստիկները Հալեպի Արամ Մանուկյան ժողովրդային տան Լևոն Շանթ սրահում իրենց առօրյան են անցկացնում: Նրանց նկատմամբ հոգատար են: Առաջիկա օրերին, հավանաբար, կվերադառնան իրենց կեցավայր», -փոխանցեց Ռեիսյանը: Բացի այդ, նրա խոսքով, երեխաները օգոստոսի կեսերին պատրաստվում են մեկնել Քեսապ` ամառային ճամբարի:
Հարցին, թե հյուպատոս Տիգրան Գևորգյանը զո՞ւր էր մտահոգություն հայտնել, ինչպես նշվում է պաշտոնական աղբյուրում, Ռեիսյանը պատասխանեց. «Ես չեմ լսել նրա ասածը, բայց Տիգրան Գևորգյանը իր մարդկային մտահոգություններն ունի, կարող է դրանք արտահայտել: Բայց մենք բոլոր մտահոգություններին լուծումներ գտնող ենք: Մենք պարոն Գևորգյանի հետ շատ լավ գործակիցներ ենք և միասնաբար կփորձենք հարցերը լուծել»:
Հայաստան գալու մասին հարցին ի պատասխան, Ռեիսյանն ասաց, որ դա մարդկանց կամքն է` ինչպես կցանկանան, թող այնպես վարվեն:
«Մարդկանց համար կյանքի շարունակության, կեցության, աշատանքի հարցերը լուծվա՞ծ են, որ մարդիկ տեղաշարժվեն, գործնական քայլեր կատարվեն: Մենք նաև պետք է հասկանանք Հայաստանի տնտեսական կացությունը: Միայն մարդկանց բերելով չէ հարցը լուծվում: Արժանապատիվ կյանք շարունակելու պայմաններ պետք է ապահովել մարդկանց համար»,-եզրափակեց նա:
Հարակից հրապարակում`
Հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով Հալեպի հայ համայնքը վնասներ չի կրել. Ժիրայր Ռեիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան