Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
Ազգային ժողովում «կայուն մեծամասնություն» կազմելու և ԱԺ ընտրությունները երկրորդ փուլով անցկացնելու մասին Սահմանադրության նախագծում նշված դրույթները Վենետիկի հանձնաժողովը հորդորում է տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` մեկնաբանելով նախօրեին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականը Սահմանադրության նախագծի վերաբերյալ:
«Իրենք ասում են հետևյալը` մենք հասկացանք, որ դա վերցրել եք իտալական մոդելից, իսկ Իտալիան այդ համակարգին անցել է, որովհետև այնտեղ երկարատև անկայուն վիճակ է եղել, և քաղաքական ուժերը միասնաբար որոշել են նման համակարգ կիրառել: Հիմա անհրաժեշտաբար չի նշանակում, որ այն երկիրը, որը նոր է անցնում պառլամենտարիզմին, պետք է նման համակարգ կիրառի: Բայց քանի որ Հայաստանը առաջին անգամն է բախվելու պառլամենտարիզմի հետ, հետևաբար անհրաժեշտություն կլինի ցուցաբերել անհրաժեշտ ճկունություն ընտրական մեխանիզմների հարցում: Այիսնքն` ուզում է ասել, որ հետագայում անհրաժեշտ կլինի փոփոխության ենթարկել ընտրական մեխանիզմները, քանի որ պառլամենտարիզմը բոլորովին նոր մշակույթ է Հայաստանում: Նրանք ասում են Սահմանադրության մեջ հարկ է ամրագրել ընդհանուր սկզբունքները, իսկ դրանից բխողները տեղափոխել օրենքներ», -ներկայացրեց մասնագետը:
Նրա կանխատեսմամբ, մասնագիտական հանձնաժողովի անդամները այս հարցում կգնան ընդառաջ և կանեն առաջարկվող փոփոոխւթյունը. «Կայուն մեծամասնության գաղափարը կամրագրեն Սահամանդրության մեջ և Ընտրական օրենսգրքում կսահմանեն մեխանիզմները: Կորցնելու ոչինչ չունեն, կկատարեն փոփոոխությունը, մանավանդ, որ չի հայտարարվել, որ այդ սկզբունքը հակասում է միջազգային իրավունքին»:
Ընդհանուր առմամբ, Արա Ղազարյանը Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, աննախադեպ է համարում:
«Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որովհետև ես հիշում եմ 2001, 2004, 2005 թվականների իրենց գնահատականը տարբեվում էր: Այս անգամ աննախադեպ եղանակով` ընդհանուր տոնայնությունը, գովաբանությունը, որ շատ գոհ են աշխատանքից և որակից, համագործակցությունից, ամենատարբեր դրույթների վերաբերյալ նշում են, որ հիանալի է», -հավելեց Ղազարյանը:
Վենետիկի հանձնաժողովը, ըստ մեր զրուցակցի, որոշ վերապահումներ է հայտնել Սահամանդրության նախագծում ամրագրված ընտանիք հասկացության վերաբերյալ, որում նշվում է, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միասնությունն է:
«Նրանք ասում են, որ սա տեղ չի թողնում նույնասեռ ամուսնությունների համար: Սա ամենաբարդ խնդիրներից է», -նկատեց Արա Ղազարյանը:
Մյուս խնդիրը, որն առանձնացրել են Վենետիկի փորձագետները, Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունն է:
«Ժողովրդավարական երկիր ենք և պետք է հաշվի առնել, որ նաև աշխարհիկ պետություն ենք», -ասաց Ղազարյանը` նկատելով, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները գտնում են, որ միայն մեկ եկեղեցին չպետք է բացառիկություն ունենա, քանի որ կան մարդիկ, որ այլ դավանաբանություն ունեն:
Հարակից հրապարակում`
Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ