Համաշխարհային բանկը Հայաստանի ճանապարհները նորոգելու համար 40 մլն դոլար վարկ է տրամադրում
Հուլիսի 31-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Այդ մասին տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար:
Ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը:
«Չնայած 2009թ.-ից ի վեր տեղ գտած տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում: Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են հանդիսանալ գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայերի առևտուրը օպտիմալ ծավալների չի հասնում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է:: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է», -նշված է ՀԲ հաղորդագրության մեջ:
Առաջարկված լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ վերակառուցվող ճանապարհների հատվածները կկազմեն 360 կմ, որից 73 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտված են: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից 5 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվում է ՎԶՄԲ վարկ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: