Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողության մեկնարկը տրված է
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությունը: Այն ազդարարեց նոր տոնի սկիզբը. այսօր տոն է մեր հայրենիքում, միասնության տոն, և մենք պետք է միանանք նաև սպորտով: Պարային ու երաժշտական համարների ուղեկցությամբ բեմականացվեց հայ ժողովրդի ընթացքը դարերի միջով…
… Եվ ճամփա ելավ իմաստուն հայը. դարերը միայն նրա մազերի ճերմակը չէին ավելացրել, այլև կենսափորձը: Այլապես նրա ընթացքը հազարամյակների ու բազմահազար փորձությունների միջով կարող էր և հուսալի հանգրվան չունենալ: Բայց ունի` ի դեմս Հայաստանի հանրապետության, ի դեմս Արցախի ու Սփյուռքի: Եռամիասնություն, որն ընդհանուր գաղափարներ ու նպատակներ ունի:
Հայկյան ազգի ընթացքն սկսվեց Հայկի եռաթև նետից ու Բելին խոցումից: Եվ դրվեց Հայք-Հայաստան երկրի հիմքը:
Հայկյան բազուկով ծնվեց առաջին երկիրը` Արատտան` Արամե արքայի ջանքերի շնորհիվ: Իսկ ավելի ուշ Արգիշտին հիմնեց բերդաքաղաքն այս` հավերժի ճամփորդ տուն-Էրեբունին:
Այնուհետև` փառապանծ Արքա Տիգրան Երվանդյանը, ով աշխարհակալ Կյուրոս Մեծի որսընկերն էր, կարողացավ Հայքը հեռու պահել պատերազմական թատերաբեմերից: Իսկ հետո ծնվեց Տիգրան Մեծ արքայից արքան, կհիմնադրվեն քաղաքներ` Տիգրանակերտ անվամբ:
Ձգվում են դարերը ու տանում դեպի լույսը: Տրդատ 3-րդ Մեծը Գրիգոր Լուսավորչի օգնությամբ նոր կյանք է տալիս մեր հոգևոր երթին: Մաշտոցի հզոր հանճարով ի հայտ կգան հայկական գրերը, որոնք սոսկ գյուտ չէին, այլ ապրելու նոր լիցք: Ուժգին էր մեր լույսը, որ շատերին էր կուրացնում, ու մենք կռիվ տվեցինք: Իշխան ու ռամիկ` Ավարայրում էինք: Չուրացանք, պահեցինք մեր լույսը:
Չնայած փորձություններին` շարունակեցինք ապրել ու արարել` նվաճումների հասնելով գիտության, ճարտարապետության, պատմագրության ու այլ ոլորտներում` աշխարհին տալով մեծաքանակ հնչեղ անուններ:
Փորձությունները թիվ ու ժամանակ չունեն: Դարեր անցան, և հայկական դրոշը կրկին հառնեց Կիլիկիայում` Լևոն արքայի մեծագործ ձեռքով: Շատերը կորան պատմության քառուղիներում, բայց մենք տոկացինք, որովհետև պայքարեցինք…
Համահայկական խաղերի ընթացքում հայկյան երթի բեմականացումը չէր կարող անտես առնել հայ ժողովրդին պատուհասած դաժանագույն փորձությունը` Ցեղասպանությունը, որի 100-ամյա տարելիցն ենք այս տարի նշում մեծ կսկիծով: Միլիոնուկես անսահման ցավ, սեր, կարոտ ու ձգտում կա մեր սրտերում: Եվ միլիոնուկես նպատակ` հայկական երազանքը ի կատար ածելու համար:
Մենք չենք մեռնում ու չենք պարտվում: Մեզ ձգտում են վերացնել, իսկ մենք Սարդարապատ ու Արցախ ենք գնում` պատմությանը տալով հերոսականության փառավոր ու անկրկնելի էջեր…
Եվ այսօր տոն է Հայաստանում: Մեկնարկում են Համահայկական խաղերը` ազդարարելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության տոնը:
Այնուհետև մարզադաշտ բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Մարզադաշտ մտան Համահայկական 6-րդ խաղերի մասնակից պատվիրակությունները: Եվ ցնծաց մարզադաշտը` տեղեկանալով, որ ամենամեծ պատվիրակությունը եկել է Արևմտյան Հայաստանից` 881 մարդ: Դեռ ապրում ենք, փառք Աստծո, մեր հողերի վրա` չկորցնելով արմատը:
Եվ այս խաղերն արմատի փնտրտուք են` հարազատներին գտնելու, միասին ծրագրեր կազմելու ու առաջ ընթանալու համար: Ծրագրեր, որոնք, ինչ էլ որ լինի, արարիչ մեծ ուժ կունենան: Իր ճանապարհին հանդիպելով միլիոնուկես դարանի` հայը, միևնույն է, թույն չի կուտակել, և նրա մտքի հանճարը, ցատկելով հազարամյակների վրայով, շունչ կտա մեր քայլերին` աշխարհին պարգևելով համաշխարհային մշակույթի, արվեստի ու այլ հրաշակերտ գործեր, մարզական ցնցող նվաճումներ:
Ավելացնենք, որ մարզական շքերթի բացման պատիվը տրված էր Արցախին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները