Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Panorama.am-ի հարցազրույցը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
- Ի՞նչ կարծիք ունեք Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
- Ինչպես գիտեք փաստաբանների պալատը կազմավորել է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք մշակելու համար: Նախագծի հրապարկված 1-7 գլուխների վերաբերյալ փաստաբանների պալատի աշխատանքային խումբն արդեն սկսել է իր աշխատանքները: Ամբողջական կարծիքը կներկայացվի ավարտելուց հետո:
-Ըստ Ձեզ, կա՞ր այսօր Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:
- Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն ավելի շատ քաղաքական հարց է և ի վերջո լուծվելու է հանրաքվեով` կա այդ անհրաժեշտությունը, թե` ոչ: Բայց չմոռանանք, որ իրավաստեղծ գործունեությունից պակաս կարևոր չէ իրավակիրառ գործունեությունը: Ցանկացած վարքագծի կանոն, եթե ստեղծվի, բայց չկիրառվի կամ խտրականորեն կիրառվի, ապա դա հավասար է այդ վարքագծի կանոնի բացակայությանը: Այնպես, որ պետք է մեր հասարակության իրավագիտակցության բարձրացմանն ուղղված լուրջ միջոցառումներ իրականացնել, ընդ որում սկսած դպրոցական տարիքի երեխաներից: Բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացին կամ պաշտոնատար անձը «կվախենա» օրենքը խախտելուց և պահանջատեր կլինի իր իրավունքը խախտող անձի նկատմամբ:
-Պարոն Զոհրաբյան, նախագծում թերություններ գտե՞լ եք, թե` ոչ:
- Աշխատել առանց թերությունների հնարավոր չէ, մանավանդ երբ խոսքը գնում է Սահմանադրությանը և իրավաբանների կարծիքներին: Ինչպես ասում են երկու իրավաբան, երեք կարծիք: Առաջարկություններն առավել մանրամասնորեն կներկայացվի աշխատանքային խմբի կողմից: Կարևոր նկատառումը, որն արձանագրվեց աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ, այն է, որ Սահմանադրությունը պետք է լինի ինքնաբավ, այսինքն ինքը պետք է տա իր սահմանած հարցի հիմնական պատասխանը: Այլ կերպ ասած, պետք է նախատեսի խաղի հիմնական կանոնը, որի սահմաններում արդեն օրենքներով կարող են մյուս կանոնները մանրամասնեցվել: Եվ ոչ թե Սահմանադրությունն իր հույսը դնի միջազգային պայմանագրերի վրա, որոնք կարող են փոփոխվել կամ չեղյալ ճանաչվել: Ինձ համար կոնկրետ խնդրահարույցներից է` կյանքի իրավունքից բացառության նշումը օգտագործելով «բացարձակապես անհրաժեշտ» հասկացությունը, առանց սպառիչ թվարկելու այդ անհրաժեշտ դեպքերը, կամ
բ) անձի իրավական վիճակը վատթարացնող (ex post facto) օրենքների հետադարձ ուժ տալու հնարավորությունը, որը իրավակիրառողին կօժտի կամայական գործելու հնարավորությամբ և կխախտի իրավունքի որոշակիության սկզբունքը, կամ
գ) դատական իշխանությանը վերաբերող գլխում բարձրագույն դատական խորհրդում դատավորների մեծամասնություն չլինելը, որն իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներին է հակասում, կամ
դ) վճռաբեկ դատարանի դատավորների ընտրվելը ՀՀ ազգային ժողովի կողմից, ինչը դատավորներին կախվածության մեջ է դնելու քաղաքական կուսակցություններից և ստիպելու է դատավորներին իրենց անկախության հաշվին նախընտրական քարոզչություն անել:
-Ձեր կարծիքով, շա՞տ են քննադատությունները նախագծի վերաբերյալ:
- Քննադատելն ավելի հեշտ է, քան աշխատանք կատարելը: Հանձնաժողովի կազմում կան իրավաբաններ, որոնց պրոֆեսիոնալության վրա չեմ կասկածում: Սահմանադրությունը կենդանի փաստաթուղթ է և հանդիսանում է մեր երկրի օրենսդրության հիմքը, կամ այլ կերպ ասած` պայմանագիր պետության և քաղաքացու միջև: Այս տեսանկյունից, ողջունելի է, նյութը նախապես հասարակական լայն քննարկման ներկայացնելու հանձնաժողովի գործելակերպը: Մեր քաղաքացիները, այդ թվում` փաստաբանները, համացանցի սոցիալական խմբերում հրապարակավ ներկայացնում են իրենց տեսակետները, որոնցից կարելի է օգտվել: Այդ քննադատությունների միջոցով է հղվելու փաստաթուղթը:
- Վենետիկի հանձնաժողովի կողմից նախագծի վերաբերյալ վերջերս ներկայացված կարծիքին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Դեռ չեմ ծանոթացել այդ կարծիքին:
-Վենետիկի հանձնաժողովը, ըստ մեր տեղեկության, որոշ վերապահումներ է հայտնել Սահմանադրության նախագծում ամրագրված ընտանիք հասկացության վերաբերյալ, որում նշվում է, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միասնությունն է: Նրանք ասում են, որ սա տեղ չի թողնում նույնասեռ ամուսնությունների համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
- Խնդրում եմ այս կարծիքն ընդունել, ոչ թե որպես փաստաբանների պալատի ներկայացուցչի կարծիք, այլ իմ անձնական: Գործող Սահմանադրության 35 հոդվածի համաձայն` ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Բնական է, երբ տղամարդը ընտանիք է կազմում հակառակ սեռի ներկայացուցչի` կնոջ հետ: Բնական է, քանի որ այդ միությունն ապահովում է Մարդ տեսակի նոր ծնունդ և մեր մահկանացու էության շարունակականությունը` ժառանգների միջոցով: Երկու տղամարդու կամ երկու կնոջ միությունն անբնական է, քանի որ ֆիզիոլոգիական հատկանիշներով նրանց ինքնին չի օժտում որդեծնությամբ: Իհարկե, կարող են հակադարձել, որ կորդեգրեն այլ բնական միությունից ծնված երեխաներ, բայց այս դեպքում ով է պաշտպանելու երեխաների իրավունքները: Եթե չափահաս նույնասեռականը ինքն է որոշում իր ճանապարհը, ապա անչափահաս երեխայի փոխարեն ով է որոշելու և ով է պատասխան տալու երեխայի ապագայի համար: Կարծում եմ, որ չի կարելի քանդել ընտանիք հասկացությունը: Ես, որպես ազատ քաղաքացի, խնդիր չունեմ նույնասեռականների կամ նրանց իրավունքների հետ, բայց որպես ազատ քաղաքացի կարող եմ չընդունել նույնասեռականների վարքը` իմ պատկերացումների սահմաններում: Գործող Սահմանադրությունը տեղ չի թողնում նույնասեռ ամուսնությունների համար և ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, նույնպես չպետք է տեղ թողնի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան