«DeutscheWelle»-ն ռեպորտաժ է պատրաստել ԼՂՀ-ի մասին
Հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այս մասին « Deutsche Welle» հեռուստաընկերության Լեռնային Ղարաբաղին նվիրված ռեպորտաժում նշում է լրագրող Քրիստիան Թրիփփը:
Անդրադառնալով Արցախի մայրաքաղաքին` լրագրողն այն համարում է երկու տասնամյակ առաջ Ադրբեջանի հետ պատերազմում հայերի տարած հաղթանակի խորհրդանիշ`ընդգծելով, որ կառավարական շենքերի դիմաց հպարտորեն վեր են խոյանում հանրապետության դրոշները:
«Մենք միայն պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր եկեղեցիները, մեր հողերը և ընտանիքներին: Մենք պատերազմ չենք ցանկանում»,- լրագրողի հետ զույցում նշել է Արցախի բնակիչներից մեկը:
Նույն տեսակետն է լրագրողի հետ զրույցում արտահայտում նաև Արցախի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը` հավելելով, որ Արցախում չեն վախենում պատերազմից:
«Մենք հավատում ենք, որ ունակ ենք արագ պատասխան տալ բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն վերսկսելու այս պատերազմը»,- նշել է Կ. Միրզոյանը:
Լրագրողը նաև այցելել է շփման գիծ և զրուցել զինվորների հետ, ովքեր պատմում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանին` լրագրողը նկատում է, որ այն արդեն չորս տարի է ամբողջությամբ պատրաստ է, սակայն թռիչքներ չի իրականացնում, քանի որ Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել ցանկացած ինքնաթիռ: