Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Էրդողան
Անկարան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, Deutsche Welle-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին Անկարայում կայացած Ղրիմի թաթարների Համաշխարհային II կոնգրեսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում:
«Այսօր մենք Ղրիմի անօրինական բռնակցման և նման ցավալի այլ դեպքերի ականատեսն ենք: Այս դժվարին ժամանակներում մենք պետք է չմոռանանք, որ հաղթանակի բանալին միասնության պահպանման մեջ է… Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը», - Ղրիմի թաթարների Մեջլիսի մամլո ծառայության համաձայն` հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի համար առաջնային խնդիրը Ղրիմի թաթարների անվտանգության ապահովումն է, և որ ճնշումների ու խտրականության հաղթահարման ու վերացման համար Անկարան երկխոսության մեջ է բոլոր կողմերի հետ և այդ նպատակով ամեն ինչ անում է:
«Այս դժվար ժամանակներում Թուրքիան Ուկրաինայի կողքին է` պաշտպանելով նրա տարածքային ամբողջականությունը, ներառյալ, իհարկե, Ղրիմը: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և միասնականությանը»,-նշել է Էրդողանը: