«Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև աշնան վերջ
Ռուսաստանը և Թուրքիան «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի շուրջ բանակցությունները կսկսեն այս տարվա աշնան ավարտին, երբ Թուրքիայում կձևավորվի նոր կառավարություն, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Անկարա: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում կատարելով «Գազպրոմում» և ՌԴ կառավարությունում իր աղբյուրներին:
Երկու երկրների առաջնորդները բանակցելու են միայն դեպի Թուրքիա գազի մատակարարման պայմանների շուրջ, իսկ տրանզիտի հնարավորությունների մասին բանակցություններ սկզբնական փուլում չեն ընթանալու:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` այս տարվա հունիսի կեսերից «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների ընդհատման պատճառը ոչ թե գազամուղների քանակի կամ գազի գնի շուրջ անհամաձայնությունն է, այլ այն, որ Թուրքիայում կառավարությունը դեռևս չի ձևավորվել: Ըստ հրապարակման` Պուտինն ու Էրդողանը դեռևս Բաքվում պայմանավորվել են, որ սկզբում բանակցելու են «Թուրքական հոսքի» միայն մեկ գծի համար, իսկ մյուս երեքը քննարկվելու են ավելի ուշ:
Թուրքական Botas ընկերությունն ըստ շրջանառվող լուրերի` մինչև հունիս ընթացած բանակցությունների արդյունքում կարողացել է գազի գնի մեջ 10,25% զեղչի պայմանավորվածություն ձեռք բերել, որը սակայն դեռևս չի ամրագրվել պայմանագրով:
Թուրքիայի համար բանակցությունների ընթացքում դժվարություն է ստեղծում թուրքական լիրայի արժեզրկումը, ինչի հետևանքով հետագայում արտարժույթով վճարման հետ խնդիրներ կարող են լինել: