Բարեփոխումների այս ճանապարհը տանելու է երկրի կառավարումն ավելի դինամիկ դարձնելուն. Մ. Մինասյան
«Տարիներ շարունակ մենք անցնում ենք փուլեր, ունենք լուրջ հաջողություններ, առանձին դրվագներում ունենք նաև բացթողումներ և դրանց ուսումնասիրությունը կարող է բերել մի հստակ ճշմարտության, որ համակարգային բարեփոխման կարիք ունի երկիրը, որպեսզի հնարավորինս ավելի քիչ կախված լինի անձից, սուբյեկտից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից:
Նրա խոսքերով, սահմանադրական բարեփոխումների իմաստով երկրում հեծանիվ չի հորինվում:
«Անցել ենք նախագահական և կիսանախագահական փուլերը, և կա երրորդ փուլը՝ պառլամենտական կառավարումը, որով բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը հնարավորինս մասնակցում են և կառավարման համակարգում ունեն իրենց տեղն ու դերը»,-նշեց պատգամավորը:
Նա նկատեց նաև, որ գրեթե բոլոր համապետական և պետական նշանակություն ունեցող հարցերը լուծվելու են կոլեգիալ մարմնում, այսինքն լսվելու է ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմադիր և ոչ կոալիցիոն ուժերի կարծիքը.
«Նախագահական ընտրություններից հետո ընտրված նախագահը ստանում է ամեն ինչ, իսկ երկրորդ տեղ գրաված թեկնածուն՝ ոչինչ և դա դառնում է ազգի ու պետության համար ոչ ցանկալի երևույթներով լեցուն մի իրավիճակ»:
Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ ժամանակն է, որ մտածենք երկրի կառավարման համակարգը դարձնենք այնպիսին, որ այն անձից կախված չլինի, այլ քաղաքական ուժերի ու հանրության կամքից. «Սա է այն հիմնական խնդիրը, որը դրված է սահմանադարական բարեփոխումների հիմքում և այն իրականացնելու պարագայում մեր երկիրն ավելի արդյունավետ գործունեության հնարավորության կունենա բոլոր բնագավառներում»:
ՀՀԿ խմբակցության անդամն ընդգծեց նաև, որ մի բան հստակ է, ինչպես արդեն նշել է Հանրապետության նախագահը, այն ինչ որ կա հրապարակված դա դոգմա չէ, և եթե կլինեն կարծիքներ, առաջարկություններ, որոնք կնպաստեն սահմանադրությունն ավելի կուռ և գործող դառնալուն, հանձնաժողովն ու երկրի քաղաքական իշխանությունները պատրաստ են ականջալուր լինելու:
Լրագրողների հարցին, թե ինչ խորհուրդ կտան սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարողներին նա պատասխանեց. «Անիմաստ է խորհուրդ տալ, դա իրենց իրավունքն է, իրենց ցանկությունն է, բայց ժամանակ կար, որ բոլորը բողոքում էին, որ մեր մեծամասնական ընտրությունները պետք է վերացվի, հիմա երբ դա հանվում է, անցնում ենք համամասնականի, նորից բողոքում են»:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հանդեպ քաղաքական ուժերի պասիվությանը՝ Մինասյանն ասաց, որ պասիվ չեն, դեռ ժամանակ, կա, պետք է վերլուծել:
«Բարեփոխումների այս փուլն ու այս ճանապարհը տանելու է երկրի քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային, քաղաքակրթական հնարավորություններն ավելի զարգացնելու, երկրի կառավարումն ավելի դինամիկ ու արդյունավետ դարձնելու: Այս դեպքում ժողովուրդը, վստահաբար իր մեծամասնությամբ «Այո» է ասելու»,-ամփոփեց Մկրտիչ Մինասյանը: