«Հատիսի լանջին» ռեստորանում թունավորվածները դուրս են գրվել
Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տուժածների թվում եղել է նաև 100-ամյա մի քաղաքացի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7–ը 0-14 տարեկան են:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28–ը: Հիվանդների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Ավելի ուշ Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում էր հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բոլոր հիվանդները հարսանեկան խնջույքի են մասնակցել Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններիմեկում: Հաշվառվել են ռեստորանում խնջույքի բոլոր մասնակիցները, աշխատանքներ են տարվել նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Բոլորին բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում անմիջապես դիմեն բժշկական օգնության: Պարզվել է ռեստորանում օգտագործած սննդի ցանկը։ Քննչական մարմինների, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնել էին, որ ռեստորանում թունավորման դեպքի հետքերով ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները