Աշոտյանը կոչ է արել առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ
ԿԳՆ գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում այսօր նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նախարարությունում կիրակի օրը բռնկված հրդեհին: Նա կոչ է արել այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Panorama.am-ին հայտնեց, որ սենյակի դուռը, որտեղ հրդեհ էր բռնկվել, այժմ զմռսված է: Իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
«Քանի որ այժմ փաստաթղթաշրջանառությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով, լուրջ կորուստների հավանականությունը փոքր է»,-ասաց Զ. Եգանյանը:
Հիշեցնենք, օգոստոսի 2-ին, ժամը 13.14-ի ՏԿԱԻՆտեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին: Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ: