Օգոստոս ամիսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. նախարար
Սպասվում է լարված աշխատանքային տարի, անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից` պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին: Այս մասին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Աշոտյանի խոսքով` օգոստոս ամիսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին` համակարգված և որակյալ աշխատելու կոչ է արել: Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն: Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես, դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:
Նախարարը հանձնարարել է նաև նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ:
«Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի և, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:
Նախարարը նշել է, որ կարևոր նախաձեռնություններ են սպասվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում:
Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են