Հայաստանը կարո՞ղ է խուսափել տնտեսական անկումից
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է կիսամյակային մակրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակման համաձայն՝ այս տարի շոշափելի աճ կա մի քանի ոլորտներում, որոնք հուսադրում են, որ հնարավոր է Հայաստանը կարողանա խուսափել տնտեսական անկումից, ինչի մասին տարեսկզբից վկայում են միջազգային կառույցների կանխատեսումները:
Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում ՝ 14.5%: Բացարձակ արժեքով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը առաջին կիսամյակում կազմել է 235.5 մլրդ դրամ:
Գյուղատնտեսական արտադրանքի աճին նպաստել է հատկապես այս տարվա ծիրանի առատ բերքը, սակայն տարին բարենպաստ է նաև մյուս գյուղմթերքիների համար, այնպես որ սպասելի է, որ բերքահավաքի շրջանում գյուղատնտեսության այս տարվա ցուցանիշը նույնպես կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշին:
Օգոստոսի սկզբի դրությամբ արտադրվել է նաև շուրջ 161 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2014 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով: Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այս տարվա վարունգի, կանաչեղենի, կաղամբի արտահանման ծավալները մի քանի անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը՝ վկայելով, որ գյուղատնտեսական ոլորտի աճը պայմանավորված չէ միայն մեկ ապրանքատեսակի արտադրության ծավալների աճով:
Այս տարվա առաջին կիսամյակում 5.1%-ով աճել է արդյունաբերական արտադրանքը, շինարարության ոլորտի աճը աննշան է:
Մակրոտնտեսական ցուցանիշների շարքում անկում է գրանցվել ապրանքաշրջանառության ոլորտում, արտահանումը կրճատվել է 1.3%-ով, իսկ ներմուծում՝ 28.2%-ով: Ներմուծման նվազումը պայմանավորված է գնողունակության անկմամբ և միտումը այս տարի նկատվել է բոլոր հետխորհրդային երկրներում՝ կապված ազգային արժույթների արժեզրկմամբ և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ: Ներմուծման նման առաջանցիկ անկումը արտահանման նկատմամբ նպաստել է, որ պեսզի կրճատվի առևտրային բացասական սալդոն՝ իր հերթին բավական կայուն պահելով ազգային արժույթը:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ մի քանի ոլորտներում գրանցած դրական տեղաշարժերը, ինչպես նաև տնտեսական ակտիվության 4.2% աճը հիմք են, որպեսզի այս տարի Հայաստանը խուսափի տնտեսական անկումից, եթե, իհարկե, այդ միտումները շարունակվեն մինչև տարեվերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները