Հարսանեկան խնջույքի ժամանակ սննդային թունավորման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։
2015թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 00:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ:
Կոմիտեի պաշտոնական էջից տեղականում ենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի: Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲ ընկերություն է դիմել ևս 11 անձ:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանացագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ սննդային թունավորման պատճառը, եղանակը պարզելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7–ը 0-14 տարեկան են:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28–ը:
Նախորդող հրապարակումներ՝
29 քաղաքացիների թունավորման դեպքից հետո երևանյան ռեստորանի գործունեությունը դադարեցված է
«Հատիսի լանջին» ռեստորանում թունավորվածները դուրս են գրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա