Ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցերը ԵԱՏՄ-ում
Այսօր Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ:
ՍԱՊԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր:
ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը և նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Գործընկերները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: