«Պալաչի» նկատմամբ սնանկացման գործընթաց է սկսվել. Փաստաբան
Աբովյանցի գործարար, Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ) ղեկավարած «Քինգ դե Լյուքս» ընկերությունն ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի քաղաքացիական գործով դատական նիստը օգոստոսի 3-ին հետաձգվել է, քանի որ հիմնադրամի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի ներկայացուցիչ-փաստաբանը Հայաստանում չէ և այդ պատճառով էլ չի ներկայկացել նիստին: «Մեր հիմնադրամի ներկայացուցիչը հաջորդ դատական նիստերի ընթացքում ներկա կլինի ու կներկայացնի հիմնադրամի հիմնավոր առարկությունները», -փոխանցեց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք` Պալաչի ղեկավարած «Քինգ դե Լյուքս» ընկերությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով պահանջում է արգելել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին Աբովյան-Երևան բարեգործական ուղևորափոխադրումներ իրականացնել: Հիմնադրամը չի ընդունում հայցը և դրա համար ունի «հիմնավոր առարկություններ»: Պալաչը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պայքարում էր գործարար Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ թեկնածու Վահագն Գևորգյանի դեմ:
«Գործը հիմա դատարանում է, և ես այժմ նպատակահարմար չեմ համարում խոսել մեր առարկությունների մասին: Դատարանում մենք կներկայացնենք մեր հիմնավոր առարկությունները», -ասաց Իվետա Տոնոյանը:
Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ Արթուր Հարությունյանի նկատմամբ «հաշվեհարդար» է իրականացվում` առաջին հերթին զրկելով նրան բիզնեսից, Իվետա Տոնոյանը պատասխանեց. ««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ուղևորափոխադրումներ իրականացնում է բացառապես բարեգործական նկատառումներով: Այդ բարեգործական երթուղին գործում է շուրջ 10 տարի, երբ Արթուր Հարությունյանը չէր զբաղվում ուղևորափոխադրումներով: Նրա գնահատականները խիստ սուբյեկտիվ են: Յուրաքանչյուր մարդ թող ինքն իր արարքներում փնտրի սնանկացման և մնացած այլ բաների հետևանքները»:
Այն, որ Արթուր Հարությունյանի նկատմամբ սնանկացման գործընթաց է սկսվել, Panorama.am-ին հաստատեց դատարանում «Քինգ դե Լյուքս» ընկերության ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա ասաց, որ Հարությունյանի նկատմամբ սնանկացման գործընթացը պայմանավորված է բիզնեսով:
«Այսօր այդպես է, կլուծարվի, հետո կառողջանա: Բիզնես է»,- փոխանցեց Սիրունյանը:
Հարցին, թե փաստաբանը Հարությունյանի դեմ արշավ նկատո՞ւմ է, Սիրունյանը, պատասխանեց. «Չէ, բացարձակ»:
Նա ասաց նաև, որ Արթուր Հարությունյանը Հայաստանում է, սակայն Հարությունյանի հեռախոսին պատասխանած անձնավորությունը պատասխանեց, որ Պալաչը Ռուսաստանում է, հինգ օրից կգա, և հարցերը կարող ենք ուղղել իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները