«Բաց երկնքի» քաղաքականությանը վերաբերող հարցեր են քննարկվել կառավարությունում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն արծարծվել է ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Քննարկմանը մասնակցել են միջազգային դնոր կազմակերպությունների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակների, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարության և դոնոր կառույցների կողմից ավիացիոն ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկումից հետո կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին:
Այս առումով, մասնավորապես, երկուստեք կարևորվել է «բաց երկնքի» քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի և ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը և այլն:
Նշելով, որ գործադիրը շարունակում է հայկական ավիաշուկայի մրցակցության բարձրացմանը, նոր ավիաընկերություններով համալրմանը, ոլորտի օրենսդրության բարելավմանն ուղղված քայլերը՝ վարչապետը կարևորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում:
Միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել գործադիրին՝ բարեփոխումների տարբեր բաղադրիչների իրականացման գործընթացում: