«Open Democracy». «Ինչու է Թուրքիան ռմբակոծում քրդերին»
Կլաուզևիցի հայտնի միտքը` պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ ձևերով, առավելապես համապատասխանում է Թուրքիայի ներկա երկակի բնույթ ունեցող գործողություններին` ԻՊ-ին և քրդերին ռմբակոծելուն: Անդրադառնալով ԻՊ-ի դեմ Թուրքիայի հայտարարած հակաահաբեկչական գործողություններին «Open Democracy» կայքում գրում է վերլուծաբան Կամրան Մատինը:
Վերլուծաբանի դիտարկմամբ` Թուրքիայի կողմից երկակի բնույթ կրող այս հարվածները կոչված են ապահովել նրա` երկրի ներսում և տարածաշրջանում հեգեմոն դիրքի ապահովման ռազմավարությունը, որի կենտրոնական խնդիրն է կասեցնել քրդերի նկատվող առաջընթացը ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում:
Հոդվածագիրը ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակագրական հաջորդականությունը շարադրելուն զուգընթաց նկատում է, որ վերջին շրջանում ԱԶԿ-ն որդեգրեց նեոօսմանիզմի քաղաքականություն և համընդհանուր իսլամացման կուրսը փորձեց արտահանել նաև տարածաշրջան` դրա մասնակիցը դարձնելով տարածաշրջանային շատ ուժերի, ինչպես օրինակ Իրաքյան Քրդստանը:
Այնուհետև, անդրադառնալով արաբական գարնանը, վերլուծաբանը նշում է, որ ԱԶԿ-ն կարծում էր, թե կկարողանա իր օգտին օգտագործել արաբական գարնան հետևանքով սկսված տարածաշրջանային քաղաքական վայրիվերումները:
«Սակայն ԱԶԿ-ի հետևորդներ իսլամիստների հաջողությունը էապես կարճ տևեց: Եգիպտոսում գահընկեց արվեց Մուրսին, Թունիսում իսմալիստները կորցրեցին իշխանությունը, իսկ Լիբիան էլ մխրճվեց քաղաքացիական պատերազմի մեջ: Ուստի փոխելով իր «զրո խնդիր» հարևանների հետ քաղաքական կուրսը` Թուրքիան ռազմավարական առաջնահերթություն դարձրեց Սիրայի նախագահ Ասադին պաշտոնանկ անելը»,- գրում է հեղինակը:
Սակայն, հեղինակի դիտարկմամբ, սիրիական հակամարտությունը սպասվածից ավելին տևեց, և Թուրքիան սկսեց առերեսվել ավելի վտանգավոր մարտահրավերի հետ` Սիրիայի քրդերի աճող ուժը, որոնք նաև սերտ կապեր ունեն Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Սա, ըստ հեղինակի, ակնհայտորեն Սիրայում թուլացրեց Թուրքիայի դիրքերը, բերեց Քրդական աշխատավորական կուսկացության դիրքերի ամրապնդամը, ինչպես նաև թուլացրեց Իրաքյան Քրդստանում ԱԶԿ-ի համախոհ Բարզանիի դիրքերը:
«Հենց այս պատճառով էլ Թուրքիայի ներկա քաղաքականությունը սահուն կերպով ուղղվում է սիրիական քրդերի զսպմանը`քողարկված իբրև ԻՊ-ի դեմ մղվող ակտիվ պայքարով»,- գրում է հեղինակը:
Կենտրոնանալով քրդերին ռմբակոծելու Թուրքիայի գործողությունների վրա` հեղինակը նշում է, որ սրանով Թուրքիան ևս մի քանի նպատակ է հետապնդում: Ըստ հեղինակի` առաջինով ԱԶԿ-ն ձգտում է վճռական հաղթանակ տանել նոյեմբերին կայանալիք վաղաժամ ընտրություններում` հասարակության ուլտրա-ազգայնական խավերի ձայները շահելու միջոցով, իբրև թե պայքարում են անջատողական քրդերի դեմ:
Երկրորդ նպատակը, ըստ վերլուծաբանի, Սիրայում քրդերի իշխանության ամրապնդման կասեցումն է` որպես միջոց օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ առաջնորդած հակաահաբեկչական կոալիցիային միանալը:
Երրորդ նպատակը, հեղինակի դիտարկմամբ, Թուրքիայի ցանկությունն է մտնելով սիրիական կռվի մեջ` առողջացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, քանի որ նախկինում ԻՊ-ի դեմ պայքարի համար հրաժարվել էր տրամադրել իր տարածքը:
Եվ վերջապես, ըստ վերլուծաբանի, չորրորդ նպատակն այն է, որ ռմբակոծելով Իրաքյան Քրդստանի քրդերին, Թուրքիան օգնում է իր դաշնակից Բարզանիին` քրդերին փորձելով ցույց տալ, որ նա է այն առաջնորդը, ով կարող է այս բարդ իրավիճակում Թուրքիայի հետ լեզու գտնել:
Եզրափակելով` հեղինակը նկատում է, որ վերջին 30 տարիների փորձը ցույց է տվել, որ Քրդական աշխատավորական կուսակցությանը ռազմական ճանապարհով վերացնել հնարավոր չէ, հետևաբար ԱԶԿ-ի այս նոր մարտավարությունը կարող է շրջվել իր իսկ դեմ` բերելով երկրի ներսում քաղաքական անկայունության և իր քաղաքական իշխանության ավարտին: