Վարչապետ. Որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է
Ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին, որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, պաշտոնատար այլ անձինք:
«Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», - ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, զեկուցելով 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման աշխատանքների մասին, նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թ. ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամ:
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3-ի համեմատ: 80 կետերում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-երում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվել են նաև կազմակերպչական միջոցառումներ՝ ՀՀ ջրտնտպետկոմիտեում ՋՕԸ-երին աջակցող խմբի ձևավորում, ջրերի հաշվառման SKADA համակարգի ներդրման 80 դիտակետի կառուցում, LOKATOR համակարգով ՋՕԸ-երի ծանր տեխնիկայի աշխատանքի հսկողություն և համակարգում, ՋՕԸ-երի աշխատանքի և կառուցվածքային խնդիրների վերլուծություն և այլն:
Արամ Հարությունյանը նշել է, որ ՀՀ 70 համայնք ունի գերնորմատիվային ջրապահանջարկ, ինչը պայմանավորված է մշակովի ցանքատարածությունների ծավալի ավելացմամբ:
Հարությունյանը ներկայացրել է նաև ջրամբարաշինության ոլորտում ձեռնարկվող քայլերը և զեկուցել միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ Վեդու, Կապսի, Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ու վերակառուցման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում Հայաստանը լուրջ ջրային պաշարներ կունենա, ինչն էլ կնպաստի ոռոգման սեզոնին ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը:
Թեմային առնչվող`
«Գնում, ծառերը տեսնում եմ, լացս գալիս է». Գյուղացին դժգոհեց նախարարին