Հայաստանը պարտավոր չէ կատարել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները. Պատգամավոր
Հայաստանը պարտավոր չէ կատարել այն, ինչ առաջարկում են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` խոսելով Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մասին:
Հիշեցնենք` ի թիվս այլ առաջարկությունների Վենետիկի հանձնաժողովի փորձագետները առաջարկել էին ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին դրույթը Սահմանադրությունից տեղախփոել Ընտրական օրենսգիրք: Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների անցկացման երկրորդ փուլին, ապա իշխանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորի խոսքով, դա «շատ ճիշտ ձև է»` քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար:
«Ես համաձայն եմ, որ կառավարման համակարգը ճկուն համակարգ չէ, սակայն հենց դրա համար էլ նոր Սահմանադրությամբ հստակ պատասխանատվություն է դրվում վարչապետի վրա, ինչն էլ կարող է այդ ճկունությունն ապահովել»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Ընդհանուր առմամբ, ըստ Ավետիսյանի, սահմանադրական բարեփոխումները Հայաստանում երեք հիմնական խնդիր են լուծում՝ մարդու իրավունքների իրական արտահայտություն Սահմանադրության մեջ, կառավարման համակարգի փոփոխություն և դատական իշխանության անկախություն:
Նախագծի ընդդիմախոսների տարբեր հայտարարությունների վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ ամեն նոր բան հասարակությունը բողոքով է ընդունում: «Երբ ինչ-որ բան հրապարակվում է, առանց հիմնավորումների բացասական գնահատականներ են տրվում դրան», -նկատեց նա:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, արձագանքելով պատգամավորին, նշեց, որ մեր իրականության մեջ ոչ այնքան խնդիր է, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, այլ ինչպես է իրագործվում այս փաստաթղթում գրվածը:
Նա պնդեց, որ արդեն 25 տարի Սահմանադրության պահպանման խնդիր կա Հայաստանում, քանի որ կառավարման բոլոր մոդելները՝ կիսանախագահական, խորհրդարանական, նախագահական իրենց սպառել են. «Նախատեսվող փոփոխությունն էլ մի անհաջող կառավարման համակարգից անցում է մյուս համակարգին»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան