Էքստրասենսի սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնումյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Panorama.am-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Օրենսգրքի այդ կետը սահմանում է. «Սպանություն, որը կատարվել էշահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»: Պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Ս. Տռուզյանի խոսքով, կնոջ մարմնի վրա վնասվածքները բազմաթիվ են:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տարածեց պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի. «ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։
2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։
Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում սպանվել է 53-ամյա Անի Մաջնումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում