ՀՀ-ն պատրաստակամ է ակտիվացնել առևտրատնտեսական հարաբերությունները Նիդերլանդների հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Դեսպան Հորբախը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, Հանս Հորբախը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման շուրջ: