Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Ներկայացվածը ոչ թե Սահմանադրական փոփոխություններ են, այլ նոր Սահմանադրություն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով Սահամանդրության նախագծի մասին, կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Այնուամենայնիվ` խորհրդարանական համակարգին կողմնակից փորձագետի համար ներկայացված նախագծում խորհրդարանական համակարգի վերաբերյալ դրույթներից վիճահարույցը 89-րդ հոդվածի 4-րդ կետն է, երբ թույլ է տրվում խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2-րդ փուլով` կայուն մեծամասնություն ձևավորելու համար:
«Ինչքան էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները բացատրեն, միևնույն է ինձ համար ընդունելի չէ այդ տարբերակը: Մանավանդ որ հաշվի առնենք այն, որ 2-րդ փուլ կոչվածը դեռևս որևէ պետության մեջ փորձարկված չէ և միայն նախատեսվում է Իտալիայում փորձարկել», -նկատեց Իշխանյանը:
Մյուս կողմից, իրավապաշտպանի կարծիքով, հնարավոր է 2-րդ փուլի անհրաժեշտությունը առաջանար, եթե միայն չլինեին հայկական ընտրություններ անցկացնելու ավանդույթները:
«Ի վերջո Հայաստանում ավանդույթ է ընտրությունները կեղծելը, և բացարձակ իշխանություն ունենալու համար պետք է բացարձակ կեղծել ընտրությունները: Մեր ավանդույթները շատ լավ իմանալով, այդ խնդիրը կլուծվի երկրորդ փուլում: Այս պարագայում կայուն մեծամասնություն, այնուհետև կառավարություն կազմավորելով մենք կունենանք պսևդոպառլամենտական պետություն, հետևաբար միայն 89-րդ հոդվածի 4-րդ կետը կարող է ի չիք դարձնել պառլամենտական պետություն ունենալու մեր ցանկությունները», -նկատեց Իշխանյանը` անհրաժեշտ համարելով հանել 2-րդ փուլի մասին դրույթը:
Նրա պնդմամբ, կայունությունը ենթադրում է փոխադարձ` ժողովուրդ-իշխանություն վստահություն: Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների` հնարավոր անկայունության մասին փաստարկներին, Իշխանյանը նկատեց, որ «դա էլ հենց ժողովրդավարությունն է»:
«Ես կուզենայի ասել, որ ժողովրդավարությունը ունի բազմաթիվ թերություններ, օրինակ` ինչպես Հայնեն է ասել` խնձոր է, որի մեջ որդ կա: Եվ այո, ավելի լավ է որդերով խնձոր լինի, քան թունավոր խնձոր` իր բոլոր թերություններով հանդերձ: Ժողովրդավարության թերությունն է, որ կարող է կոալիցիաներ ստեղծել, կոալիցաները փլուզվեն, առևտրի գնան կուսակցությունները, չես կարող ստեղծել ժողովրդավարական համակարգ առանց թերությունների: Իսկ եթե գնում ես այդ թերությունը այսպես կոչված իբր շտկելու, այդ դեպքում ժողովրդավարությունից մեծ քայլերով հետընթաց ես կատարում», -հավելեց իրավապաշտպանը:
Սահմանադրության նախագծում մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, Իշխանյանն ասաց` չի ուսումնասիրել:
«Չեմ նայել, որովհետև ես կարծում եմ, որ մենք վավերացրել ենք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այդ դեպքում ինձ հետաքրքրում է ավելի շատ իշխանությունների ձևավորումը, իշխանությունների տարանջատումը, որոնք կապահովեն մեր այդ իրավունքները, որոնց միացել ենք Մարդու իրավունքների կոնվենցիայով», -նկատեց մեր զրուցակիցը:
Իշխանյանը նորմալ է համարում Սահմանադրության նախագծով Վերահսկիչ պալատի ղեկավարին, ՀՌԱՀ նախագահին, ԿԲ նախագահին խորհրդարանի որակյալ մեծամասնության միջոցով ընտրելու գաղափարը:
«Որևէ պետական մարմնի անկախությունը դե յուրե երաշխավորելու հանգամանքներից մեկն այն է, որ նա չլինի միայն իշխանության ցանկությունը: Ընդդիմությունը պետք է նույնպես ներգրավված լինի այդ մարդու ընտրության մեջ, որպեսզի այդ թեկնածուն իրեն իր պաշտոնում անկախ զգա իշխող կուսակցությունից», -հավելեց Իշխանյանը:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների այն դիտարկմանը, թե Սահամանդրությունը պետք է խոչընդոտ չհանդիսանա միասեռ ամուսնությունների համար, Իշխանյանը նկատեց. «Թույլ տվեք մի քիչ փիլիսոփայել. մեր հասարակության մի ստվար զանգված ասում է, որ տհաճ են իր համար միասեռական ամուսնությունները: Այս դեպքում ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 60-ական թվականներին և ուզում եմ հիշեցնել, երբ մեր հասարակությունը չէր ընդունում կարճ կիսաշրջազգեստները, վառ ներկած շրթունքները ինչպիսի դիմադրություն էր այն ժամանակ շալվարների, կարճ շալվարների դեմ, որոնք ցուցադրում էին աղջկա բարեմասնությունները: Այսօր Հայաստանում գործում են միասեռականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններ: Դա մեզ դուր է գալիս, թե չի գալիս, սա մեր քաղաքակրթության ճանապարհն է և, ինչքան էլ մենք հիմա դիմադրենք, ինչ-որ ժամանակ հետո մեզ մոտ նույնպես այդ հարցը բարձրանալու է և դիմադրությունը լինելու է Սահմանադրական արգելք: Այսօրվա մեր կարծրատիպերով ենք նայում հարցին: Բայց անկախ իմ հայացքներից, ես տեսնում եմ, որ դա դրան է բերելու: Կդիմադրեն, կպայքարեն, ինչպես եղել է Արևմտյան Եվրոպայի երկրներում: Սա անխուսափելի քաղաքակրթության ճանապարհն է: Ես համոզված եմ, որ ինչքան էլ Վենետիկի հանձնաժողովը հորդորի փոփոխել, բայց այդ հոդվածը կմնա այդպես և դա կհամարվի հաղթանակ: Բայց կանցնեն տարիներ ու այդ ժամանակ ստիպված կլինեն Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել հօգուտ այդ դրույթի»:
Անդրադառնալով Սահամանդրության նախագծում դատական համակարգին վերաբերող գլխին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ դատավորների դե յուրե անկախության երաշխիքներն այս նախագծով, քան գործող Սահամանդրությամբ էր: «Ի վերջո, Դատական բարձրագույն խորհուրդի անդամներն ընտրվում են դարձյալ որակյալ մեծամասնությամբ (3/5-րդ-ով) և հետո նրանց առաջարկած թեկնածուներին ոչ թե գործադիր իշխանության ղեկավարն է նշանակում, այլ նախագահը, որը գործադիր գործառույթներ, ըստ էության չունի»,-բացատրեց Իշխանյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան