Հայաստանում շոգերն աննախադեպ էին, բայց ոչ ռեկորդային
Տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են` 1843 թվականից սկսած: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսինքն` 1843 թվականից հետո մենք այսքան տևական շոգեր չենք ունեցել: Բայց այդքանով հանդերձ մենք ռեկորդները չենք գերազանցել»,-փոխանցեց Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ, մինչ այժմ Հայաստանում գրանցվել է երկու խոշոր ջերմային ալիք. առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան: Իսկ ամենաշոգը եղել հուլիսի 10-ին, երբ Երևանում գրանցվել է 40,5 աստիճան:
Այնուհետև, ըստ Սուրենյանի, այդ ալիքը ընդհատվել է մինչև հուլիսի 25-ը և հուլիսի 25-ից Արաբիայի տարածքից մոտեցել է նոր տաք օդի ալիք, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կրկին բարձրացել է: Հուլիսի 25-ից մինչև օրս Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվել է 39-ից մինչև 41 աստիճանի սահմաններում: Իսկ Սյունիքի հովիտներում գրանցվել է աննախադեպ երևույթ` Մեղրիում 10 օր շարունակ օդի ջերմաստիճանը տատանվել է 40-ից 42 աստիճանի սահմաններում: Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին, երբ Արարատ քաղաքում օդի ջերմաստիճանը գրանցվել է 41, իսկ Երևանում` 40.6 աստիճան:
Ինչ վերաբերում է Հայաստանում շոգ եղանակի առումով գրանցված ռեկորդներին, ապա մասնագետի փոխանցմամբ, 2011-ին ռեկորդ է գրանցվել Մեղրիում, երբ օդի ջերմաստիճանը եղել է 43,7 աստիճան և 2010 թվականի օգոստոսի 3-ին Երևանում` 42 աստիճան:
Այսօրվանից, սակայն, եղանակային պայմանները կփոխվեն, տաք օդային հոսանքները կնահանջեն, հետևաբար այսօրվանից մինչև օգոստոսի 8-ը օդի ջերմաստիճանը կնվազի` 4-5 աստիճանով, իսկ Լոռի և Տավուշի մարզերում` 8-10:
Բայց սա երկար չի տևի և, Սուրենյանի փոխանցմամբ, այս անգամ արդեն Իրաքի տարածքից նոր ջերմային ալիք է մոտենում Հայաստանին և օգոստոսի 10-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա և մինչև օգոստոսի 15-ը կհասնի 40 և ավելի աստիճանի:
«Իսկ թե երբ կնվազի ջերմաստիճանը, չենք կարող ասել, որովհետև դուք գիտեք, որ ստույգ կանխատեսումները 5-7 օրերի կտրվածքով են», -նկատեց մասնագետը:
Հարակից հրապարակում`
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին կնվազի մինչև 8 աստիճանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան