5 հա տարածության վրա կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը
Հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը: Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու նպատակով այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ: Տեղեկացնում են ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք պետք է համախմբենք հանրապետության ողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ֆիլոքսերա վնասատուի առկայության պայմաններում խաղողագործության ռազմավարության մշակմամբ, ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:
Ռազմավարությունը պետք է ընդգրկի ոլորտի զարգացման 10 տարիների տեսլականը` ներկայացնելով ըստ քայլերի հաջորդականության իրականացվելիք միջոցառումները` պետական խիստ վերահսկողությանյ ներքո:
Նախարարը հատկապես կարևորել է կոնյակագործության, գինեգործության և սեղանի սորտերի դասակարգման, գյուղացիական տնտեսություններին ֆիլոքսերազերծ տնկիներով ապահովելու հարցերը: Նախարարի խոսքով` պետության ուշադրության կենտրոնում է գտնվում խաղողի գենետիկական հայկական սորտերի պահպանման խնդիրը: Այդ նպատակով առաջիկայում մոտ 5 հեկտար տարածության վրա կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականներ, գիտական կազմակերպությունների մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ։