Առողջապահության նախարարությունում քննարկվել են օրենսդրական փոփոխությունները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նշվել է, որ նպատակը առողջապահության համակարգում գործող բժիշկների եւ բուժքույրերի մասնագիտական որակների և նրանց գիտելիքների բարձրացումն է, տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
Արմեն Մուրադյանը նշել է, որ նախագիծն ամբողջովին բխում է բժշկական ծառայության որակի բարելավման պահանջից։
Օրենսդրական փոփոխությունը նախարարությանը հնարավորություն կընձեռի Հայաստանում ներդնել միջազգային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Դրա շնորհիվ մեր բուժաշխատողները գործնական նոր հմտություններ ձեռք կբերեն, հաղորդակից կդառնան բժշկագիտության զարգացումներին և նորամուծություններին։ Սա որակյալ բժշկական ծառայություններ ապահովելու կարևոր բաղադրիչներից մեկն է։
Քննարկվել են օրենքի նախագծի գրեթե բոլոր հոդվածները, կատարված առաջարկությունների հիման վրա դրանցում արված փոփոխությունները։ Այս ենթատեքստում անդրադարձ է կատարվել կլինիկական ուղեցույցների, հիվանդի վարման գործելակարգերի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ընթացակարգերի, ինչպես նաև բուժաշխատողների գործունեությունը կանոնակարգող կարևոր այլ փաստաթղթերի սահմանումներին, իրավական եզրույթներին վերաբերող հարցեր:
Նախարարության և Ազգային ժողովի մասնագետներն ու փորձագետները կարևորել են, որպեսզի բուժաշխատողների, բժշկական հաստատությունների ղեկավարների, ինչպես նաև հիվանդների իրավունքներն ու պարտականությունները սահմանող փաստաթղթերը հիմնված լինեն ապացուցողական բժշկության վրա: Դրանցում հաշվի է առնված նաև արտերկրների լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա բուժաշխատողներին հիվանդի ընդունումից մինչև դուրսգրումն աշխատել կանոնակարգված: Նշվել է, որ կատարվող փոփոխություններն առաջին հերթին միտված են ոլորտի չափագրմանը:
Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի մայր օրենքի վերախմբագրմամբ։ Վերջին տարիներին մշակված «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծերի մի քանի տարբերակներից խումբը կստեղծի ժամանակի պահանջին համահունչ համապարփակ կարգավորումներ սահմանող իրավական ակտի նախագիծ։
Պայմանավորվածություն ձեռք է բերվել քննարկումները դարձնել շարունակական` ներգրավելով նաև միջազգային փորձագետներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում