
Դեսպան. Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամում հանդիպել է ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Դիթմար Վոյդկեն նշել է, որ իր համար կարևոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեպանին ընդունելը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի և Բյուրականի աստղադիտարանների միջև փոխգործակցության մեծ ներուժը: