«Ինչ, որտեղ, երբ» խաղի 2016թ.-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
«Մեզ հաջողվել է այս տարիներին պահպանել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, քանի որ 2000-ականներին այն մարելու վտանգի առջև էր: Ներկայումս շարժումն ունի հստակ ձեռքբերումներ. այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են դպրոցական և բուհական ինտելեկտուալ փառատոններ: Այսինքն, արվում է հնարավորը, որպեսզի զարգանա ինտելեկտուալների նոր սերունդ, հետաքրքրությունը դեպի գիտելիքը երեխաների մոտ դառնա ավանդույթ, որը կստիպի նրանց ավելի լավ սովորել, շատ կարդալ, լինել բազմակողմանի զարգացած մարդ»: Այս մասին նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել Գիտակների միջազգային ասոցիացիային` «Ինչ, որտեղ, երբ» խաղի հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է:
«Սա իրավամբ ամենակարևոր միջոցառումն է միջազգային ինտելեկտուալ շարժման մեջ, որը պատիվ է բերում ցանկացած կազմակերպիչ երկրի` և քարոզչական, և քաղաքական, և տեղեկատվական հոսքերում հայտնվելու, և տվյալ երկրի կազմակերպչական ներուժը գնահատելու տեսանկյունից: Վստահ եմ, որ միջոցառումը, որին կմասնակցեն տասնյակ թիմեր աշխարհի տարբեր երկրներից, կդառնա Հայաստանը լավագույնս ներկայացնելու ձևերից մեկը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայկական ինտելեկտուալ շարժման ներուժը ճանաչելի է միջազգային հանրության կողմից: Բացի այդ, այս միջոցառումը շատ կարևոր է լինելու նաև` մեր հասարակությունում գիտելիքի հանրայնացման և տարածման համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ հաջորդ տարի ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվելիք «Ինչ, որտեղ, երբ» աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Ծաղկաձորը:
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն էլ ընդգծել է, որ վերջին տարիներին, իրոք, հետևողական աշխատանք է տարվում` ինտելեկտուալ շարժման զարգացման համար, որի հետևանքով, ըստ բանախոսի, արձանագրվել են բավական լավ արդյունքներ նաև միջազային ասպարեզում:
«Հայկական հեռուստաընկերություններից մեկը հեռարձակում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Անցյալ տարի «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնը «Ինչ, որտեղ, Երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է որպես լավագույն մրցաշար: Անցյալ տարի «Բրեյն ռինգի» աշխարհի առաջնությանը հայկական թիմերից մեկը դարձել է փոխչեմպիոն: ԿԳՆ-ի աջակցությամբ հեռարձակվում է «Ամենախելացին» հեռուստախաղը: Բացի այդ, 15 տարվա ընդմիջումից հետո «Ինչ, որտեղ, երբ» խաղի մոսկովյան ակումբում հայտնվել է Հայաստանը ներկայացնող գիտակ, և առկա է բավականին մեծ հնարավորություն, որ վերջիններիս թիվը կաճի»,-նշել է նա:
Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող երևանյան «Նուիխ-Թելսել» թիմի ավագ Էդգար Մարկոսյանի թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում անցկացված Գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնության «Բրեյն ռինգ» մրցաշարում հաղթող է դարձել: Մարկոսյանի խոսքով` մրցաշարին մասնակցել է շուրջ 50 թիմ` աշխարհի տարբեր երկրներից: Հայկական հավաքականը մրցել է երկու վրացական, մեկ գերմանական թիմերի հետ` եզրափակչում հաղթելով ադրբեջանական հավաքականին:
«Միջազգային ասպարեզում սա մեր առաջին հաղթանակն էր. հուսով եմ` ոչ վերջինը»,-նշել է Էդգար Մարկոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են