Գերմանիայում ֆուտբոլային խաղը դադարեցվել է մրցավարի գլխին նետված կրակայրիչի պատճառով
«Օսնաբրյուկի» ու «Լեյպցիգի» միջև Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի հանդիպումը դադարեցվել է տրիբունայից նետված կրակայրիչի պատճառով, որը դիպել է գլխավոր մրցավարի գլխին: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը:
Խաղը կայացել է երեկ, Օսնաբրյուկում: 71-րդ րոպեին՝ 1:0 հաշվի ժամանակ՝ հօգուտ դաշտի տերերի, տրիբունայից նետված կրակայրիչը դիպել է մրցավար Մարտին Պետերսենի գլխին: Մրցավարն արյունահոսություն է ունեցել և հեռացել է խաղադաշտից: Նրա հետևից հանդերձարան են գնացել նաև թիմերի ֆուտբոլիստները: Ավելի ուշ որոշվել է չավարտել հանդիպումը:
Մրցավարը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ դեռ չկան: Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան սկսել է միջադեպի հետաքննությունը: