Գինու արտադրության ծավալներն իրականում չեն ավելացել. Ավագ Հարությունյան
Գինու արտադրության ծավալներն իրականում չեն ավելացել, այլ մնացել են անփոփոխ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, որոնց համաձայն՝ գինու արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-հունիսին մեր երկրում արտադրվել է 2 683.1 հազար լիտր գինի, իսկ 2014թ-ի հունվար-հունիսին՝ 2 338.7 հազար լիտր գինի:
Ա.Հարությունյանի խոսքերով, 14.7% աճը էական նշանակություն չունի. «Գինին տարեկան մեկ անգամ է պատրաստվում և այդ թիվը հաշվելու ժամանակ մեթոդաբանական սխալներ են թույլ տալիս, ուստի կարծում եմ, որ 14.7 տոկոսը գտնվում է այդ սխալների տիրույթում: Եթե գինու արտադրության ծավալների ավելացումը լիներ 30 կամ 40 տոկոս, այդ դեպքում կարող ենք ասել, որ աճ կա: Բայց ըստ ինձ՝ գինու արտադրության ծավալները չեն ավելացել, կամ չնչին տոկոսով են ավելացել»:
Անդրադառնալով արտահանմանը, Ա.Հարությունյանը նշեց, որ ռուսական շուկան քանի դեռ չի կարգավորվում, ռուբլին չի արժևորվում, հետևաբար, հայ արտադրողները շարունակելու են վնասով աշխատել: Այսինքն՝ արտահանման ծավալների աճ չենք կարող ակնկալել:
«Սա նշանակում է, որ իրավիճակը կմնա ողբալի: Սակայն հնարավոր է, որ նախատոնական առևտուրը աշխուժություն մտցնի և արտահանման ծավալները հոկտեմբեր-նոյեմբերին 20-25 տոկոսով ավելանան»,- նշեց Ա.Հարությունյանը:
Ինչ վերաբերում է խաղողի մթերումներին, նա նկատեց, որ թեև այս տարի լավ բերք է սպասվում, սակայն գործարաններն այսօր գյուղացուց բերք գնելու ռեսուրսներ չունեն: Սակայն Կառավարությունը, ըստ նրա, փորձում է վարկային միջոցներ ներգրավել, որպեսզի մթերողները կարողանան գյուղացիներին վճարել:
«Եթե միջոցներ չճարեն, ապա այդ բերքի ֆոնին սպասվում է տխուր և մռայլ իրականություն՝ այն գնելու առումով»,- ընդգծեց նա:
Այդուհանդերձ, Ա.Հարությունյանը կարծում է, որ իրավիճակը այդքան էլ ողբալի չէ, քանի որ կառավարությունը փորձում է միջոցներ հայթհայթել, որպեսզի աջակցի թե գյուղացիներին, թե մթերողներին:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` կոնյակի արտարդության ծավալները նույնպես նվազել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 6 455.8 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.2%-ով:
Ա.Հարությունյանը կոնյակի արտադրության ծավալների անկումը պայմանավորում է 2014 թվականի նոյեմբեր ամսից սկսած ռուսական ռուբլու արժեզրկմամբ:
Անդրադառնալով օղու արտադրությանը, որի ծավալները նույնպես նվազել են, Ա.Հարությունյանը նշեց, որ նվազումը պայմանավորված է օղու ներմուծման ավելացման հետ:
«Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով օղու գները մնացին անփոփոխ, ուստի ներմուծումը սկսեց ավելանալ: Կարծում եմ, որ տարեվերջին օղու ներմուծումը կաճի և դրանով պայմանավորված տեղական արտադրությունը կկրճատվի»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նախորդիվ`
Կոնյակի, օղու, գարեջրի արտադրության ծավալները նվազել են, գինունը՝ աճել