Հաշմանդամության կարգ ստանալու հույսն ուրախացրել է 27-ամյա կնոջը
Երկու երեխաների 27-ամյա մայրը առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Panorama.am-ի հետ զրույցում Թեհմինեն պատմեց, որ 16 տարեկանից հիվանդանոցներում է, նախ՝ գլխի մենինգիտ, ապա վահանաձև գեղձի հետ քաղցկեղային հանգույցների հեռացում, հիմա էլ ողնաշարի վրա հինգ ճողվածք կա, սրտի խնդիրներ ունի…
Կինը դժվարությամբ է քայլում, արդեն 8 ամիս չի կարողանում աշխատել, ամուսինը ոչ միշտ է աշխատանք ունենում, ապրում են վարձով, ամսական 45 հազար դրամով Աթոյան փողոցում բնակարան են վարձել:
«Ամեն աշխատանք էլ կատարել եմ՝ մատուցողուհի, բանվոր, աղի ձողիկների արկղներ էլ եմ կրել, դասավորել: Ոտքս քաշվում էր, բանի տեղ չէի դնում, մի օր աշխատանքի վայրում վատացա, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, հաջորդ օրն էլի գործի եմ գնացել: Չէի պատկերացնում, կգա մի օր, որ նման իրավիճակում կհայտնվեմ: Մի տարի չկա՝ որ ես հիվանդանոց ընկած չլինեմ»,-պատմում է Թեհմինեն:
Բժիշկն ասել է, որ ճողվածքները հենց ներվի վրա են, դրա հետևանքով ոտքը դժվարությամբ է շարժում, թևն էլ՝ հաճախ է հոգնում: Վիրահատություն խորհուրդ չեն տվել, դեղ են նշանակել՝ Карепаин мазь: 11 հազար դրամանոց մի քանի գրամ մազը մեկ շաբաթ է բավականացնում: Ստիպված տնտեսում է, քսում է ուժեղ ցավերի դեպքում:
Թեհմինեին մշտապես ծնողներն են օգնել, տարբեր հետազոտությունների, վիրահատության, դեղերի համար միշտ վճարել են: Հիմա հայրն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, աշխատածի դիմաց նրան երկու տարի է՝ նորմալ չեն վարձարտում, տուն չի կարողանում վերադառնալ: Սկեսուրը փողոցում բանջարեղեն ու միրգ է վաճառում, երբեմն իրենց օգնում է՝ ինչով կարողանում է: Ամուսինը՝ Արտյոմ Մխիթարյանը կտուրի կոնստուկցիաներ է եռակցում, բայց ոչ միշտ է գործ ունենում: Պետական նպաստ, թոշակ կամ որևէ այլ օգնություն չեն ստանում: Հաշմանդամության կարգի համար դիմել է, չեն տրամադրել:
Ընտանիքի մասին Սոնա Ռոբերտս-ի գրառումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Սամվել անունով մի մարդ է զանգահարել, ասել է՝ գնա Նորք, ինքը կհետևի, որպեսզի երիտասարդ կինը հաշմանդամության կարգ ստանա: Հաշմանդամության կարգ ստանալու հույսը Թեհմինեին ուրախացրել է, գոնե պետությունից օգնություն կստանա:
Կնոջ մեծ երեխան 10 տարեկան է, փոքրը՝ 4: Վերջինս ականաջների հետ կապված խնդիր ունի, բժիշկներն ասել են, որ վիրահատություն է հարկավոր:
Թեհմինեն այս պահին ակնկալում է բոլորի օգնությունը, ուզում է ծանր վիճակից դուրս գալ ու առաջ շարժվել. «Մարդիկ կան, ասում են, գլուխս ցավում է, չեմ աշխատի: Ես էս պահին էլ պատրաստ եմ աշխատել, պարտավոր եմ երեխաներիս մեծացնեմ այնպես, ինչպես ծնողներս՝ ինձ: Հայրս ասում էր, ամեն ինչ կանեմ, մենակ աղջիկս առողջանա»:
Մի քանի օրից Թեհմինեի մեծ երեխան դպրոց է գնալու, դեռ ոչ մի բան չեն առել: Հույս ունի, որ հայրը կկարողանա մի քիչ գումար ուղարկել՝ դպրոցական հագուստ ու գրենական պիտույքներ առնելու համար: Իսկ եթե չկարողանա, չգիտի...
«Երբ ես էլ էի աշխատում, հասցնում էինք: Դպրոցից հարցրեք, իմ երեխան ոչ մի բանի կարիք չի ունեցել: Աշխատելու ընթացքում լվացքի մեքենա, սառնարան, համակարգիչ, բազմոց առել ենք, բայց սառնարանն ու համակարգիչը վաճառել ենք՝ դեղերի համար»,-ասում է Թեհմինեն:
Թեհմինեին օգնել ցանկացողները կամ ամուսնուն աշխատանք առաջարկողները կարող են զանգահարել 077758301 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները