Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ:
«Ասել ենք նաև մեր առաջարկների մասին: Ես մանրամասն այդ մասին կասեմ, երբ որ մենք կոնկրետ վերջնական համաձայնության գանք: Բայց չինական կողմը շահագրգռվածություն ունի և իմ կարծիքով շատ լավ առաջարկներ է արել, քննարկենք, տեսնենք, դա ոնց կարող ենք իրականացնել»,- նշեց Գ.Բեկգլարյանը:
Հարցին, թե ռուսական կողմը խոչընդոտ չի՞ հանդիսանա՝ հաշվի առնելով այն, որ ռուս պաշտոնյաների կողմից պարբերաբար Իրան-Հայաստան երկաթգծի դեմ հայտարարություններ են արվում, Գ.Բեգլարյանը պատասխանեց, որ հայ-իրանական երկաթուղու վերաբերյալ ռուսական կողմից եղել է միայն մեկ հայտարարություն, որին ինքը պատասխանել է:
«Մեկ անձի հայտարարությունը ես չեմ կարող համարել ռուսաստանյան իշխանությունների տեսակետ»,- ասաց նախարարը:
Գ.Բեգլարյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի վերջին այց է նախապատրաստվում Չինաստան: Օրակարգում լինելու է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը. «Ունենք առաջարկություններ չինական շատ կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն»: