Էլեկտրանէերգիայի սակագնի մասով ՀԾԿՀ-ին խորհրդատվական ծառայություններ կմատուցի «Դելոյթ և Տուշ» ընկերությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ առաջարկներ ստացել են երկու խոշորագույն ընկերությունից՝ «Դելոյթ և Տուշ» և «Մաքքենզի ընդ Քոմպանի» ընկերությունից: Արդյունքներն ամփոփվել են և հաղթող է ճանաչվել «Դելոյթ և Տուշ» ընկերությունը, որը տվել է անհամեմատ ավելի ցածր գնային առաջարկ: Նրա խոսքերով՝ աշխատանքները կսկվեն անմիջապես պայմանագրի կնքումից հետո:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդատվության արդյունքներով հանրությունը և կառավարությունը կստանան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ: ««Դելոյթ և Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է և կարծում եմ, որ նրա եզրակացությունից հետո մենք կունենանք առաջ գնալու հիմքեր»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ռուսական կողմի հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ իրականացնելու ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ աուդիտի գործընթացը շուտով կսկսվի: