Կառավարությունը չի ֆինանսավորի խոշոր բիզնեսի էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը
ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր վրա վերցնել էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը խոշոր բիզնեսի համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի գործող սակագների հարցին:
«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: