«Չենք վճարելու 5%» նախաձեռնության ակցիան Կառավարության դիմաց
«Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 5 տոկոս դրույքաչափի:
Նշենք, որ ակցիային մի քանի մարդ էր մասնակցում, և ինչպես նշեց «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամ Արսեն Արզանյանը, իրենց համար կարևորը ոչ թե մարդկանց թիվն է, այլ այն, որ կարողանան համապատասխան նամակ հանձնել ՀՀ վարչապետին:
Հիշեցնենք, որ արդեն հուլիսի1-ից գործում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը, բողոքի ակցիաների արդյունքում՝ 2 անգամ հետաձգվել էր: Օրենքի փոփոխությամբ, ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ չունենալու դեպքում այսուհետ 3.5 տոկոս հարկն ավելանում է՝ դառնալով 5 տոկոս, փաստաթուղթ ունենալու դեպքում գործարարների հարկային բեռը 4 տոկոսային կետով նվազում է։
Ա.Արզանյանը նշեց, որ արդեն 1,5 ամիս է աշխատում են այդ դրույքաչափով և արդեն տեսնում են, թե օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջացնում:
«Մենք առաջարկում ենք լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերը ինքը որոշի` ինչպես աշխատել»,- նշեց Ա.Արզանյանը:
Նա նաև նշեց, որ նամակը հանձնելուց հետո կսպասեն Կառավարության պատասխանին, որից հետո կորոշեն ինչ քայլեր ձեռնարկեն: