«Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքներով կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հուլիսի 29-ին մահացել է հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը , իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։
«Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, որոնք տրամադրվել են դատաբժշկական փորձագետներին, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:
Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժող Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժը, մանկաբարձ-գինեկոլոգը:
Զննության են ենթարկվել տուժող Մերի Մարգարյանի և վերջինիս ընկերուհու կողմից օգտագործված բջջային հեռախոսները:
Քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդող հրապարակումներ՝
Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան