Խուլ ու համր ծնողների գերազանցիկ երեխան ուսման վարձի խնդիր ունի (տեսանյութ)
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ: Այսօր նրանց շարքերում էր Կարինե Թորոսյանը, ով արցունքներն աչքերին պատմում էր թոռնիկի մասին, որ այս տարի ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, սակայն մեկ միավորով դուրս է մնացել բուհի անվճար համակարգից:
Խնդիրը նրանում է, որ տիկին Կարինեի թոռնիկն ապրում է սոցիալապես անապահով ընտանիքում, ծնողներն էլ խուլ ու համր են:
«Աղջիկս և ամուսինը խուլ ու համր են, աշխատանք չունեն, սոցիալապես անպահով են, միասին ստանում են 38 հազար թոշակ: Հիմա իրենց երեխան գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ընդունվել է բուհ, սակայն մեկ միավորով դուրս է մնացել անվճար համակարգից: Հիմա մենք ի վիճակ չենք վճարել, բայց մինչև սեպտեմբերի 15-ը պետք է վարձի մի մասը վճարենք, որպեսզի երեխան բուհից դուրս չմնա, բայց ախր ինչպես վճարենք»,- լացակումած պատմում էր կինը:
Նա նաև նշեց, որ ամուսնու թոքն էլ հեռացրած է, տանը պառկած է և չի կարողանում աշխատել: Այսինքն՝ ընտանիքն այլ օգնող չունի:
«Հիմա ես չգիտեմ, թե որտեղի՞ց 220 հազար դրամ ճարեմ, որ էդ էրեխեն սովորի»,- ասաց տիկին Կարինեն՝ հավելելով, որ թոռնիկն էլ արդեն մեկ ամիս է գտնվում է սթրեսի մեջ. «Շատ վատ վիճակում է»:
Նա նաև ասաց, որ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ ուսման վարձը պարտադիր պետք է վճարեն:
«Երեկ գնացել եմ նախարարություն, որ նախարարի հետ հանդիպեմ, սակայն ինձ թույլ չտվեցին վերև բարձրանալ: Ստիպված այսօր եկել եմ Կառավարության շենքի մոտ, որ գոնե այստեղ նախարարին տեսնեմ: Ուրիշ ելք չեմ գտնում, որ էրեխիս ուսման հարցը լուծեմ, ինքն էլ սթրեսի մեջ է: Ինչ անեմ, որ էս հարցը լուծվի: Ինչի պետք է լավ սովորող երեխան վարձի պատճատով ուսում չստանա»,- նշեց Կ.Թորոսյանը: